«Իրմա» փոթորիկն ամբողջությամբ ավերել է 2 կարիբյան կղզի. կա 7 զոհ (լուսանկարներ, տեսանյութեր)
Երբևէ Ատլանտյան օվկիանոսում ձևավորված ամենահզոր փոթորիկը՝ «Իրման», որը դեպի ԱՄՆ շարժվելու ճանապարհին երեկ անցել է մի շարք Կարիբյան կղզիներով, գրեթե ամբողջությամբ ավերել է դրանցից 2-ը՝ Բարբուդան ու Սենթ Մարտինը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 295կմ/ժ արագությամբ շարժվող փոթորիկը, որն ունի վտանգի ամենաբարձր՝ 5-րդ մակարդակը, դարձել է 7 մարդու մահվան պատճառ: Հայտնի է, որ բնական տարերքն ավերել է կղզիներում գտնվող շինությունների 90-95%-ը:
«Սա ահռելի աղետ է: Կղզու 95%-ն ավերված է: Ես ցնցված եմ ու ահաբեկված»,-ասել է Սենթ Մարտինի իշխանության ներկայացուցիչ Դանիել Գիբսը:
Նիդեռլանդների ու Ֆրանսիայի միջև բաժանված կղզում այժմ խմելու ջուր ու հոսանք չկա: Ենթադրվում է, որ զոհերի թիվը կավելանա:


Նույնը կարելի է ասել Բարբուդայի մասին, որի շինությունների 90%-ն ավերվել է:
«Ամեն ինչ ոչնչացվել է: Բարբուդան բառացիորեն ավերակների է վերածվել»,-ասել է կղզու վարչապետ Գաստոն Բրոունը՝ հավելելով, որ փոթորկի պատճառած վնասը գնահատվել է 150 մլն դոլար:


Նշվում Է, որ փոթորիկն անցել է նաև Պուերտո Ռիկոյով, որի բնակչության կեսից ավելին մնացել է առանց հոսանքի, 50.000 մարդ զրկվել է խմելու ջրից, գետերը դուրս են եկել հունից ու ջրհեղեղներ առաջացրել:


Այսօր փոթորիկը կանցնի Դոմինիկյան Հանրապետությունով ու Հաիթիով: Այնուհետև այն ճանապարհը կշարունակի դեպի Կուբա՝ ուղղություն վերցնելով դեպի ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգ:

Ամերիկացի օդերևութաբանների համաձայն՝ «Իրմա»-ն ավելի է սաստկանում: Մասնագետները «հրեշավոր» փոթորկի չափսերը գնահատելիս այն համեմատում են Ֆրանսիայի տարածքի հետ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Ֆլորիդայում, Պուերտո Ռիկոյում և ամերիկյան Վիրջինյան կղզիներում, մինչդեռ Բահամյան կղզիների իշխանությունները որոշում են կայացրել տարհանել բնակիչներին:














