«Ադրբեջանի լվացքատուն» անվանումով հետաքննությունը վկայում է, որ Հունգարիան Ռամիլ Սաֆարովին վաճառել է Ադրբեջանին 7 միլիոն դոլարի դիմաց
Հինգ տարի առաջ էր, երբ Հունգարիան արտահանձնեց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին, որն իր հայրենիք վերադառնալուց հետո ներում ստացավ նախագահ Իլհամ Ալիևից և ազգային հերոս հռչակվեց՝ միջազգային հանրության խիստ քննադատություններն ու դժգոհություններն առաջացնելով Հունգարիայի հասցեին, գրում է The Budapest Beacon-ը:
Տարիներ շարունակ լուրեր են շրջանառվել, որ Սաֆարովի արտահանձնումն իրականացվել է Ալիևի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև գործարքի շնորհիվ:
Այժմ Átlátszó.hu հունգարական հետաքննական լրագրողական կազմակերպության, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման կենտրոնի (OCCRP), դանիական Berlingske-ի, The Guardian-ի և այլ լրատվամիջոցների հետաքննությունները բացահայտել են, թե ինչպես են Ադրբեջանի իշխող էլիտայի հետ կապված գումարներն օգտագործվում աշխարհում ազդեցություն գնելու և Ադրբեջանի նախագահի միջազգային հեղինակությունը բարելավելու համար:
Հետաքննությունը պարզել է, որ ընդհանուր ավելի քան 7 միլիոն դոլար արժողությամբ մի քանի բանկային փոխանցումներ են իրականացվել Բուդապեշտում MKB բանկում բացված հաշիվներին հենց այն ժամանակ, երբ Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին հանձնեց ադրբեջանցիներին:
Átlátszó.hu-ի համաձայն՝ Բուդապեշտի բանկային հաշիվը պատկանել է ազդեցիկ ադրբեջանցի քաղաքական գործչի որդուն պատկանող օֆշորային ընկերության: Լրատվամիջոցի համաձայն՝ ավելի քան 7 միլիոն դոլար է փոխանցվել հաշվին 2012 թվականին՝ հենց այն ժամանակահատվածում, երբ Հունգարիայի կառավարությունը համաձայնության է եկել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ թույլ տալով Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը: Նշվում է, որ օֆշորային ընկերությունը դրանից հետո փակվել է:
«Ադրբեջանի լվացքատուն» անվանումը ստացած հետաքննությունում OCCRP-ն հաղորդել է, որ երկու տարվա ընթացքում ավելի քան 2,9 միլիարդ դոլար է փոխանցվել մի քանի ընկերությունների՝ Polux Management LP-ի, Hilux Services LP-ի, Metastar Invest LLP-ի և LCM Alliance LLP-ի միջոցով, որոնք Ադրբեջանի իշխող էլիտայի կողմից փողերի լվացման համար ստեղծված ընկերությունների ավելի մեծ խմբի մաս են կազմում:
Ավելի քան 7 միլիոն դոլարի փոխանցումը Metastar Invest LLP ընկերությունից փոխանցվել է այդ խմբի մեջ մտնող ընկերություններից մեկի՝ Velasco International Inc.-ի Բուդապեշտում գտնվող բանկային հաշվին:
Átlátszó.hu-ի փոխանցմամբ՝ 2012 թվականի հունիսին Սաֆարովի ազատ արձակումից առաջ Ադրբեջանի մայրաքաղաք այցելության ընթացքում Օրբանին ողջունել է այդ ժամանակ Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը՝ Օրհան Էյուբովի հայրը: Վերջինս, տեղեկությունների համաձայն, Velasco International Inc.-ի սեփականատերն էր:
Metastar Invest LLP ընկերությունն արդեն ներգրավվել է նախկին իտալացի պատգամավոր, Եվրոպայի խորհրդում ԵԺԿ խմբի նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեի ենթադրյալ կոռուպցիոն գործում: Վոլոնտեն մեղադրվում է ադրբեջանցի պաշտոնյաների կողմից մոտ 2,4 միլիոն եվրո ստանալու համար՝ Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի քաղաքական դիրքերը պաշտպանելու դիմաց:
Չորեքշաբթի ասուլիսի ժամանակ մամուլի հաղորդումների մասին լրագրողների հարցին ի պատասխան Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն խուսափել է սկանդալի մասին ակնհայտ խոսելուց և դրան անդրադարձել որպես «բրիտանական և այլ լրատվամիջոցների հետաքննություն»:
Սիյարտոն հույս է հայտնել, որ միջազգային և պետական հետաքննությունները կպարզեն, թե ինչ է իրականում տեղի ունեցել, քանի որ «քանի դեռ ճշմարտությունը հայտնի չէ՝ յուրաքանչյուրն առանց որևէ հետևանքի կարող է ամեն տեսակի զրպարտող հայտարարություն անել»:
«Ես հերքում եմ ցանկացած ենթադրություն և ակնարկ Հունգարիայի արտաքին քաղաքականության որոշումների և վերոնշյալ միջազգային հանցավոր գործողությունների միջև կապի մասին: Ես հույս ունեմ, որ շուտով կբացահայտվի ճշմարտությունը, թե ինչ է իրականում տեղի ունեցել»,- ասել է Սիյարտոն:
Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը և Գուրգեն Մարգարյանը մասնակցել են Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող անգլերենի դասընթացների: 2004 թվականի փետրվարի 19-ին Սաֆարովը կացնահարելով սպանել է հայ սպային: 2006 թվականի ապրիլին Սաֆարովը մեղավոր է ճանաչվել Բուդապեշտի դատարանի կողմից և դատապարտվել ցմահ բանտարկության՝ 30 տարի անց պայմանական ազատ արձակման հնարավորությամբ:
2012 թվականի օգոստոսին Հունգարիայի արդարադատության նախարարությունը թույլ է տվել Սաֆարովին տեղափոխել Ադրբեջան, և օգոստոսի 31-ին Ադրբեջան տեղափոխվելուց մի քանի ժամ անց Սաֆարովին ներում է շնորհվել Ադրբեջանի նախագահի կողմից, և նա ազատ է արձակվել: Նրան շնորհվել է ութ տարվա աշխատավարձ և բնակարան, ինչպես նաև բարձրացվել է նրա ծառայողական աստիճանը:
Ավելի վաղ The Guardian պարբերականը հաղորդել է, որ Ադրբեջանի վերնախավը տևական ժամանակ ապօրինի ֆինանսական սխեմա է իրականացրել, որի միջոցով ոչ միայն զբաղվել է փողերի լվացմամբ, այլև իր ազդեցությունն ավելացնելու նպատակով խոշոր գումարներ փոխանցել ադրբեջանական շահն առաջ տանող լոբբիստներին, ջատագովներին ու եվրոպացի քաղաքական գործիչներին:
2012-2014թթ. ընթացքում փոխանցվել է 2.9 մլրդ դոլար, ինչը նշանակում է, որ ամեն օր Ադրբեջանից միջինը 3 մլն դոլար է փոխանցվել: Ընդհանուր առմամբ, արվել է ավելի քան 16.000 փոխանցում ՝ տարբեր արժույթներով:
Թեև այդ գումարների ծագման աղբյուրը միշտ չէ, որ պարզ է, սակայն միանշանակ է, որ դրանք փոխանցվել են երկրի նախագահ Իլհամ Ալիևի, նախարարությունների, ինչպես նաև վերջերս սնանկության մասին հայտարարած Ադրբեջանի միջազգային բանկի հետ կապված ընկերությունների կողմից:
Կանխիկ գումարը փոխանցվել է բրիտանական 4 օֆշորային ընկերությունների (Hilux Services, Polux Management, Metastar Invest , LCM Alliance) միջոցով: Այնուհետև գումարը ծախսվել է տարբեր երկրներում՝ այդ թվում նաև Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում և Ղազախստանում:










