Անանուն վկայի ցուցմունքով անձը չի կալանավորվի, դատախազությունն ուսումնասիրել է ընդդեմ Հայաստանի վճիռներն ու որոշումներ ընդունել. Կ. Բիշարյան
ՀՀ գլխավոր դատախազության կողմից Հայաստանի դեմ ՄԻԵԴ որոշումների և արձանագրած կոնվենցիոնալ իրավունքների խախտումների ուսումնասիրությունների արդյունքների համաձայն ՝ 2016-ին ազատազրկման դատապարտված 951 անձից 349-ի կամ 37%-ի նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրված չի եղել: 2016թ. 7856 մեղադրյալներից 1872-ի 23.8%-ի նկատմամբ է միայն կալանավորումն ընտրվել որպես խափանման միջոց:
Դատախազության կոլեգիայի նիստին ընդունված որոշումների, քննիչների և դատախազների համար որոշումների ու հանձնարարականների մասին Tert.am-ը զրուցեց ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանի հետ:
-Պարոն Բիշարյան, փաստաբանները հաճախ են արձանագրում, որ կասկածյալի նկատմամբ առավել հաճախ խափանման միջոց է ընտրվում կալանավորումը: Համամիտ եք, որ այդպես է և ի՞նչ վիճակագրություն կա:
-Եթե գործող օրենսդրությամբ նախատեսված խափանման միջոցների համակարգն ենք նայում, ամենախիստ խափանման միջոցը կալանավորումն է, որպես կալանավորման այլընտրանք ունենք գրավ: Առավել հաճախ կիրառվելու հետ կապված ես որևէ գնահատական չեմ կարող տալ, տարբեր մակարադակի քննարկումներով բերվում են Դատական դեպարտամենտից վերցված վիճակագրական տվյալները, բայց այդ վիճակագրական տվյալները վերաբերում են նրան, թե քանի միջնորդություն է ներկայացվել կալանավորման վերաբերյալ և դրանցից քանիսն են բավարարվել: Հաճախ հետևություն է արվում, որ հիմնականում 90 տոկոսից ավելի միջնորդությունները դատարանները բավարարում են: Սրանից կարծում եմ, չի կարելի հետևություն անել, որ միտում կա կալանավորման միջնորդությունները բավարարելու, որովհետև նույն հաջողությամբ սա կարող է ցուցանիշ լինել այն բանի, որ միջնորդությունները եղել են հիմնավոր: Այլ բան է, որ համեմատականներ անցկացվի, թե միջնորդությունների բավարարման պարագայում որ մասն է բողոքարկվել ՄԻԵԴ-ում և որ մասով է որ ՄԻԵԴ-ն խախտում է ճանաչել: Այս պարագայում այս ցուցիչը կարող է օբյեկտիվ ցուցիչ լինել: Հիմք ընդունել,թե քանի միջնորդությունից քանիսն է բավարարվել, դա բավարար չէ եզրահանգում անելու համար:
-Կոլեգիայի որոշման մեջ կետ կար, կալանքի մեխանիզմների առավել հստակության ուղղությամբ, որ անհայտ վկայի ցուցմունքի հիման վրա անձն այլևս չի կալանավորվելու: Կալանքի երկարացման ժամկետի հետ կապված ևս խնդիրներ մատնանշվում են: Օրինակ՝ մարդուն կալանավորում են նախաքննությունից չթաքնվելու, չխոչընդոտելու հիմքով, կալանքը երկարացվում է, բայց նախաքննություն ավարտվում , ու մեկ էլ առանց մեկ այլ փոփոխված հիմքի մարդը կրկին մնում է կալանքի տակ:
-Այն հանգամանքը, որ կալանավորման խնդիրը կարևոր է, դա միանշանակ է: Եթե ուսումնասիրենք ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքը, ապա կտեսնենք, որ Եվրոպական դատարանը բազմիցս շեշտադրում է կատարում այն հանգամանքի վրա, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը, որը երաշխավորում է ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, հիմնաքարային նշանակություն ունի ժողովրդավարական հասարակության համար: Մենք ուսումնասիրություն ենք կատարել, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ և խնդիր դրվեց ուսումնասիրել իրավակիրառ պրակտիկան՝ վերհանելու համար կալանավորման միջնորդությունների կազմման ընթացքում թույլ տրվող հնարավոր թերացումները և պարտադիր ուսումնասիրության առարկա դարձել ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ-ի վճիռները և այն խախտումները, որոնք այդ վճիռներով ամրագրված են:
Մենք ուսումնասիրեցինք ՀՀ-ի դեմ կայացված մի շարք վճիռներ, այդ թվում «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի», «Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի» և այլ վճիռներ, մենք վեր ենք հանել ոչ միայն ՄԻԵԴ –ի կողմից արձանագրված խախտումները, այլ նաև ուսումնասիրել ենք այն վճիռները, որոնցով Եվրոպական դատարանը 5-րդ հոդվածի խախտում չի արձանագրել:
-Ի՞նչ է պարզ դառնում այդ ուսումնասիրություններից:
-Եթե ուսումնասիրում ենք ՀՀ-ի դեմ վճիռները,ապա պարզ է դառնում, որ դրանք հիմնականում վերաբերում են կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու և կալանավորման ժամկետի երկարացնելու միջնորդությունները բավարար չափով հիմնավորված չլինելուն:
Այստեղ մեզ համար կարևոր խնդիր է, թե արդյոք այդ միջնորդությունները բավարար չափով հիմնավորված չեն եղել, թե պատշաճ ջանասիրություն չի ցուցաբերվել կալանավորման հիմքերը պարզելու ուղղությամբ: Ըստ այդմ էլ կոլեգիայի որոշմամբ ձևավորեցինք պահանջներ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի:
Առաջին խումբ պահանջներն ուղղված են նրան, որպեսզի քննության մարմինը պատշաճ միջոցներ ձեռնարկի վերհանելու համար կալանավորման հնարավոր հիմքերը:
Մյուս խումբը վերաբերում կալանավորման և կալանքի ժամկետի երկարացման վերաբերյալ պատշաճ հիմնավորումներ պարունակող միջնորդություններ ներկայացնելուն: Այս առումով ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքը հետևյալն է. կալանավորման պարտադիր պայմանը դա անձի կողմից հանցանք կատարելու վերաբերյալ ողջամիտ կասկածն է:
ՄԻԵԴ-ն ունի չափանիշ, պետք է դատարանին ներկայացնել փաստեր կամ տեղեկություններ, որոնք առնվազն անկողմնակալ դիտորդի մոտ կձևավորեն համոզմունք, որ տվյալ անձը կապ ունի իրեն մեղսագրվող հանցագործության կատարման հետ: Ընդամենը առնչության մասին է խոսքը գնում և սա պարտադիր նախապայման է:
Ոչ մի պարագայում անանուն վկայի հայտնած տեղեկությունը հիմնական կասկածը հաստատող փաստական տվյալ չի կարող լինել, նման պահանջ ենք ձևավորել և դա Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից է:
-Մի հետաքրքիր հանձնարություն ևս կա՝ անհապաղ կալանից ազատել անհիմն ու ապօրինի կալանքի տակ գտնվող անձանց, ինչո՞ւ է այս հանձնարարականը, եթե մեր օրենքում կա, չի՞ կատարվում պահանջը:
-Հիմա էլ Քրեական դատավարության օրենսգրքով դատախազին նման լիազորություն վերապահված է: Սա պարզապես մեր կոլեգիայի որոշմամբ ձևավորված հանձնարարականներից ածանցյալ հանձնարական է, եթե մենք պարզում ենք, որ կալանավորման դեպք ունենք, որն անօրինական կամ անհիմն է, ապա պարտադիր դատախազը պետք է իրացնի իր լիազորությունները և անհապաղ ազատ արձակվի այդ անձը:
Դա ամրագրել ենք, ընդամենը շեշտադրելու նկատառումներից ելնելով: Դա չի նշանակում, որ երբևէ դա չի իրացվել կամ նախկինում չի կարևորվել:
-Դատարաններում, կարծես թե, 3-ը 1-ի դեմ օղակ է ձևավորվել: Կալանքի միջնորդություն է ներկայացվում, կամ կալանքի ժամկետի երկարացման միջնորդություն է ներկայացնում, դատախազը չի առարկում, դատարանը բավարարում է:Երեքը մեկի դեմ օղա՞կ է, ինչո՞ւ չկա տարբերություն քննիչի, դատախազի, դատավորի դիրքորոշումները:
-Դատարանը բոլոր դեպքերում անաչառ դիտորդի դերում է և դատարանը պետք է անաչառ դիտորդի աչքերով գնահատի միջնորդությունը: Բացի այդ, այստեղ հետևյալ խնդիրը կա: Պրակտիկա չունենք, որ դատախազները պարտադիր մասնակցում են կալանավորումների միջնորդությունների քննարկմանն ու չեն առարկում: Այստեղ օրենսդրական խնդիր կա, ինչի հետ կապված գլխավոր դատախազը դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան և ՍԴ-ն որոշում է կայացրել: ՍԴ-ն որոշում կայացրեց, համաձայն որի՝ արձանագրեց օրենսդրական բաց, որ քննիչի վրա դրված չէ միջնորդության վերաբերյալ դատախազին նախապես ծանուցելու պարտականություն, այնուհանդերձ ՍԴ-ն նաև իր որոշմամբ ամրագրեց, որ թեև օրենսդրական բաց է, բայց դա քննության մարմնին չի ազատում այն պարտականությունից, որ ինքը պետք է դատախազի այդ լիազորությանը համապատասխան հայտնի դատախազին կալանավորման միջնորդության վերաբերյալ: Հիմա այդ կառուցակարգը ունենք: Համամիտ չեմ, որ երեքի մեկի դեմ օղակ է ձևավորված:
-Հանձնարարականներ կան, որոշումներ են կայացվել, ի՞նչ վերահսկող մեխանիզմներ կան:
-Հանձնարարածների հենց երրորդ խումբը Կոլեգիայի որոշմամբ ձևավորված պահանջների վերահսկմանն է վերաբերում: Իրավասու դատախազներին հանձնարարական է տրվել քննարկել դատարանի որոշումները կալանքի վերաբերյալ, պարզելով, թե դատարանի որոշումն անհիմն է պարտադիր բողոքարկել, պարզելով, որ հիմնավոր է և կալանքի միջնորդության մերժումը հետևանք է Կոլեգիայի որոշմամբ ամրագրված պահանջները չպահպանելուն, ապա արդեն պետք է առաջանա որոշակի իրավական հետևանք:










