Ֆրանսիան գնահատել է «Իրմա» փոթորիկի հասցրած վնասի չափը

22:48 • 08.09.17

Ֆրանսիայի պետական ապահովագրական ընկերությունը գնահատել է Կարիբյան ավազանի ֆրանսիական տարածքներին «Իրմա» փոթորիկի հասցրած վնասի չափը:

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, Սուրբ Բարդուղիմեոս (Սեն Բարթելմին) կղզում և Սեն Մարտեն կղզու ֆրանսիական հատվածում տեղի ունեցած ավերածությունները գնահատվել են ավելի քան 200 մլն եվրո:

Արտասահմանյան տարածքների նախարար Անիկ Ժիրարդենի խոսքով՝ իշխանությունների առաջնահերթ խնդիրը բնակչությանը բուժօգնություն հասցնելն ու ջրով ու մթերքներով ապահովելն է:

Ֆրանսիան մտադիր է 400 ոստիկանի ուղարկել փոթորիկից տուժած տարածաշրջան՝ կարգու կանոնը պահպանելու համար: Վերջին տվյալների համաձայն՝ «Իրմա» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի: