«Տաշիր գրուպը» չի հաստատում Մեծամորի ԱԷԿ-ը կոնցեսիոն պայմանագրով 5 տարով իրենց հանձնելու շուրջ բանակցությունները

18:58 • 08.09.17

Ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությունից չեն հաստատում այն, որ ընկերությունը բանակցություններ է վարում Հայաստանի կառավարության հետ՝ Մեծամորի ատոմակայանն «Տաշիր գրուպ»-ին 5 տարով կոնցեսիոն կառավարման հանձնելու շուրջ:

«Մենք չենք հաստատում այդ մասին տեղեկությունը և բանակցություններ չենք վարում»,- Tert.am–ին հայտնեց ընկերության լրատվության հարցով պատասխանատու Զառա Աճեմյանը:

Նշենք, որ մինչ այս Tert.am-ը կապվել էր Մեծամորի ատոմակայանի կոմերցիոն գծով փոխտնօրեն Գեղամ Վանունու հետո, ով նույնպես նշել էր, թե տեղյակ չէ Մեծամորի ՀԷԿ-ը «Տաշիր» ընկերությանը կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին:

«Ես այդ մասին լսում եմ առաջին անգամ՝ Ձեզանից: Չեմ կարող ասել»,-նշել էր Մեծամորի ատոմակայանի կոմերցիոն գծով փոխտնօրենը:

Նշենք, որ կայքերից մեկի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին քննարկումներ են ընթանում ատոմակայանը կոնցեսիոն կառավարման պայմանագրով «Տաշիր» ընկերությանը 5 տարով հանձնելու մասին:

Ներկայումս Մեծամորի ատոմակայանի բաժնետոմսերը 100 տոկոսով պատկանում են ՀՀ-ին, մինչ 2013 թվականը ատոմակայանի հավատարմագրային կառավարիչն էր ռուսական ՌԱՈ ԵԷՍ-ը: