Արցախին պետք է մի քաղաքական համակարգ, որ պետք է արագ արձագանքի բոլոր փոփոխություններին. քաղաքագետ
Անցած տարիներին Արցախի նախագահի և կառավարության միջև կոնֆլիկտներ չեն եղել և նրանք աշխատել են համաձայնեցված ձևով, ինչի մասին վկայում է ոչ միայն հրապարակային բնույթ ստացած կոնֆլիկտների բացակայությունը, այլև տնտեսական բարձր ցուցանիշները երկրում և պետականաշինության գործում, ինչպես նաև պաշտպանության գործում արձանագրված հաջողությունները։
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում այս չափանիշներով է գնահատել Արցախի կառավարությունը:
Նա օրինակներ է բերել՝ ապացուցելու համար, որ Արցախի կառավարության գործունեությունը դրական արդյունքներ ունի. «Մասնավորապես՝ Արցախն իրեն բավարարում է էլեկտրականությամբ, այս տարի շահագործման հանձնվեց Վարդենիս-Մարտակերտ մայրուղին՝ երկրորդ կարևոր, ստրատեգիական նշանակություն ունեցող մայրուղին, բազմաթիվ բաներ կարելի է նշել տնտեսական ֆրոնտում»:
Անդրադառնալով լիարժեք նախագահական երկիր դառնալու Արցախի որոշմանը՝ նա նշել է, որ այդպիսի որոշումները կայացվում են տեղի հատուկ պայմանների հաշվառմամբ:
«Եթե ասում ենք՝ Արցախը նախագահական համակարգի է անցնում, դա չի բացատրվում սոցիալ-տնտեսական զարգացումների տրամաբանությամբ ու գործոններով, դա բացատրվում է առավելապես անվտանգության հարցերով: Արցախին՝ մեր խրամատի առաջին գծում պետք է մի քաղաքական համակարգ, որ պետք է արագ արձագանքի բոլոր փոփոխություններին, այդ իմաստով նախագահական համակարգը, բնական է, առավելություններ ունի, քան պառլամենտականը»,-վստահեցրել է քաղաքագետը:
Նրա խոսքով՝ սոցիալ-տնտեսական համակարգում տարբերություններ գրեթե չկան, որովհետև մենք 91-ին կեղծ սոցիալիզմից անցել ենք կեղծ կապիտալիզմի, նաև՝ Արցախում:
«Մի քիչ այնտեղ դանդաղել են, դիմադրել են, բայց այնուամենայնիվ, ի վերջո, անցել են։ Միայն մի իրողություն կա, մի փաստ, որի հետ հաշվի են նստում ճանաչված քաղաքագետները, որ մասշտաբներն ազդում են քաղաքական գործընթացների վրա: Արցախում այդ տեսանելիությունը դառնում է վերահսկման գործոն, բոլորն ամեն ինչ գիտեն, և դա չի կարող իր դերը չունենալ»,-ասել է նա։
Այն հարցին, թե ինչ մարտահրավերներ ու առաջնահերթություններ կան Բակո Սահակյանի համար, Ալեքսանդր Մանասյանը պատասխանել է, որ անհրաժեշտ է խորացնել ժողովրդավարական գործընթացները և փորձել զարգացնել այն տնտեսական համակարգը, որի մեջ հայտնվել են և՛ Հայաստանը, և՛ Արցախը:
«Առաջնահերթություններից է նաև այն, որ ազատ ձեռներեցության և մասնավոր սեփականության վրա հիմնված հասարակությունն աստիճանաբար բարեփոխվի և ավելի մարդկային տեսք ընդունի, շրջվի դեպի մարդը, այսպես ասած՝ «դեպի աշխատավորը»: Ժամանակին այսպիսի հասկացություն կար՝ «մարդկային դեմքով սոցիալիզմ», հիմա մեզ պետք է մի հասարակություն, որը տեսնում է ամեն մեկին, չի մոռանում ոչ մեկին, և որտեղ արդարության իդեալները, եթե բացարձակ իմաստով չեն գործելու, ապա գոնե տեսանելի վերահսկողությամբ են գործում»,-ասել է նա։










