Կատալոնիայի խորհրդարանն օրենք է ընդունել Իսպանիայի կազմից դուրս գալու կարգի վերաբերյալ

19:19 • 08.09.17

Կատալոնիայի խորհրդարանը (Ժեներալիտետ) օրենք է ընդունել անցումային շրջանի մասին, որն, անկախության կողմնակիցների կարծիքով, իրավական հիմք կստեղծի Իսպանիայի կազմից ինքնավար մարզի դուրս գալու համար:

Ինչպես հաղորդում է BBC-ն, փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հանրաքվեի ժամանակ Կատալոնիայի անկախության կողմնակիցների հաղթանակի դեպքում: Նրանց մտահաղացմամբ՝ օրենքը գործելու է երկու ամսվա ընթացքում մինչև ինքնուրույն խորհրդարանական հանրապետություն ստեղծելու ընթացակարգի մեկնարկը:

Կատալոնիայի խորհրդարանն ավելի վաղ օրենք էր ընդունել հանրաքվե անցկացնելու մասին և համապատասխան փաստաթղթեր, մասնավորապես, ընտրական հանձնաժողով կազմավորելու և քվեարկության կազմակերպման սկզբունքների մասին:

Կատալոնական կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնի խոսքով՝ հանրաքվե անցկացնելու որոշումն ընդունվել է միակողմանի կարգով Մադրիդի կենտրոնական կառավարության հետ այդ հարցը համաձայնեցնելու անհաջող փորձերից հետո: