ՀՔԾ-ն կարճել է «ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) կարճել է «ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը:
Այս մասին Tert.am-ին ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
«Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ձայնագրությունը վերաբերում էր ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի աշխատակիցների ժողովին, որտեղ մի տղամարդ հորդորում էր, պահանջում ձայներ բերել այդ ժամանակ պատգամավորի թեկնածու, այժմ պատգամավոր Արտակ Սարգսյանին:
Ձայնագրությունն ապրիլի 13-ին հրապարակել էր Hayastan24.Com կայքը:
Ձայնագրության հրապարակումից մեկ շաբաթ անց հարուցվեց քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 154 պրիմ 2 հոդվածի երկրորդ մասով՝թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով։










