Մեքսիկայում հզոր երկրաշարժի պատճառով հյուրանոցներից մեկը կիսվել է երկու մասի
Մեքսիկայում գտնվող հյուրանոցներից մեկի շենքը կիսվել է երկու մասի՝ վերջին 100 տարվա մեջ ամենահզոր երկրաշարժի պատճառով: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Օախակա նահանգի Մատիաս-Ռոմերո քաղաքում: Երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի խոսքով՝ միջադեպի հետևանքով զոհեր չկան:
Օախակա նահանգի իշխանությունների տվյալների համաձայն՝ հյուրանոցում գտնվող մարդիկ հասցրել են շինությունից դուրս վազել մինչև դրա փլուզվելը: Փրկարարները ժամանել են դեպքի վայր՝ պարզելու համար՝ արդյոք շենքի փլատակների տակ մարդ է մնացել:
Վերջին տվյալների համաձայն՝ բնական աղետի զոհ է դարձել առնվազն 5 մարդ, այդ թվում՝ երկու երեխա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մեքսիկայի ափերի մոտ տեղի ունեցած հզոր՝ 8.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել են ցունամիի մեծ ալիքներ։










