Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է Կատալոնիայի անկախացման շուրջ հանրաքվեի օրենքի գործողությունը
Իսպանիայի Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել նախօրեին Կատալոնիայի կառավարության ու խորհրդարանի կողմից ընդունված փաստաթղթերի ապօրինության մասին, որոնց հիման վրա Կատալոնիան մտադիր է հոկտեմբերի 1-ին անկախացման մասին հանրաքվե անցկացնել։ ՍԴ-ն կասեցրել է այդ օրենքների գործողությունը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Իսպանիայի կառավարությունը որոշում է կայացրել ՍԴ-ում բողոքարկել հանրաքվեի մասին օրենքը, որը կատալոնական խորհրդարանն է ընդունել, և որն այնուհետև ստորագրել են կառավարության անդամները։
Իսպանիայի կառավարությունը ՍԴ-ին դիմել է խնդրանքով՝ Կատալոնիայի պետական լրատվամիջոցներին հորդորել չներգրավվել նախընտրական քարոզչության տարածմանը։
Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին անկախության շուրջ հանրաքվե անցկացնել, որն իսպանական կառավարությունը սակայն անօրինական է համարում։










