Տիմոշենկոն կմեկնի Լեհաստան և կօգնի Սաակաշվիլիին անցնել Ուկրաինայի սահմանը

14:41 • 08.09.17

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ սեպտեմբերի 10-ին պատրաստվում է մեկնել Լեհաստան և օգնել այնտեղ գտնվող Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին անցնել Ուկրաինայի սահմանը:

NewsOne հեռուստաալիքի եթերում Տիմոշենկոն մեղադրել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Սաակաշվիլիի դեմ «քաղաքական ճնշումների կեղտոտ մեթոդներ» օգտագործելու համար:

«Ես անպայման անձամբ կաջակցեմ Միխո Սաակաշվիլիին: Ես կմեկնեմ: Սեպտեմբերի 10-ին նա պատրաստվում է պարզապես խաղաղ կերպով գալ և ներկայացնել փաստաթուղթ, որի համաձայն նա իրավունք ունի ապրել Ուկրաինայում՝ առանց քաղաքացիություն ունենալու», - շեշտել է Տիմոշենկոն:

Ավելի վաղ Սաակաշվիլին վրացական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ չնայած Լեհաստանի ու Ուկրաինայի սահմանը բաժանված է փշալարերով՝ նա կանցնի այն, քանի որ ունի դրա իրավունքը:


«Սահմանին ինձ կդիմավորեն Ուկրաինայի հազարավոր քաղաքացիներ: Այնտեղ կլինեն ընդդիմադիր շատ գործիչներ: Ինձ ասել են, որ ինձ հետ սահմանը ցանկանում են անցնել նաև Լեհաստանում գտնվող բազմաթիվ ուկրաինացիներ, սակայն ես չեմ ցանկանում ավելորդ քաշքշուք ստեղծել», - ասել է Սաակաշվիլին՝ հավաստիացնելով, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնին չի հավակնում:


Հիշեցնենք, որ նա լքել է Վրաստանը 2013թ.-ին՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնավարման մեկնարկից հետո։

2015թ.-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել և նշանակել Օդեսայի նահանգապետ։

2016թ.-ին Սաակաշվիլին հեռացել է այդ պաշտոնից՝ հայտարարելով, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ։ Ավելի ուշ երկրի իշխանությունները զրկել են նրան քաղաքացիությունից: