Թուրքիայում ազատ են արձակել քրդամետ կուսակցության խոսնակին, մինչ դատարանը վճիռ կկայացնի

22:02 • 08.09.17

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության (HDP) նախկին խոսնակ Այհան Բիլգենն ազատ է արձակվել մինչև դատավճռի կայացումը:  РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Օսման Բայդեմիրը:

Բիլգենին ձերբակալել էին հունվարի վերջին, վերջինիս 25 տարվա ազատազրկում է սպառնում՝ երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ առնչություն ունենալու մեղադրանքով:

«Այսօր որոշում է կայացվել Այհան Բիլգենին ազատ արձակելու մասին: Դա անհրաժեշտ էր անել», - ասել է Բայդեմիրը լրագրողներին:

Ներկա պահին կալանքի տակ է գտնվում «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության 8 պատգամավոր, այդ թվում՝ համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը: Թուրքիայի իշխանությունները նրանց մեղադրում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ կապ ունենալու մեջ: