Երևանի Հանրապետության փողոցում բանկոմատ են պայթեցրել և խոշոր գումար հափշտակել (տեսանյութ)
ՀՀ ոստիկանությունն առավոտյան ժամը 05։15 ահազանգ է ստացել այն մասին, որ Հանրապետության 71 հասցեում փորձում են բանկոմատ թալանել: Այնտեղ է մեկնել օպերատիվ խումբ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ինչպես հայտնում է syhamshyan.com-ը բանկոմատը փորձել են թալանել թթվածնի և գազի միջոցով պայթեցնելու եղանակով։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել է, որ բանկոմատից հափշտակվել է 2 միլիոն դրամ գումար: Ըստ նախնական տեղեկությունների՝ բանկոմատում եղել է 3 միլիոն 300 հազար դրամ գումար, սակայն գումարի մի մասը` 1 միլիոն դրամից ավել, հայտնաբերվել է տարածքում:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից Tert.am-ին տեղեկացրին, որ Քննչական կոմիտեն ահազանգ ստացել է Երևանի Հանրապետության 71 հասցեում գտնվող բանկոմատի թալանելու վերաբերյալ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի՝ գողության հատկանիշներով։
Նշենք, որ տարածքում բնակվող ֆեյսբուքյան մի օգտատեր հաղորդել էր, որ գիշերն ուժեղ պայթյունի ձայն է լսել:










