Առիթները պետք է օգտագործենք, որ աշխարհում չընկալվի, թե Արցախյան հարցն ունի հոգևոր կոմպոնենտ. Թևան Պողոսյան (տեսանյութ)
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, Աժ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպմանն ասաց, որ միջպետական հարաբերությունների մեջ հոգևոր առաջնորդների դերը ավելի շատ ներքին խնդիրներին է վերաբերում, քան որևէ հարց լուծելուն:
«Իսկապես հոգևոր առաջնորդները լավ գիտակցում են, որ իրենք քաղաքական խնդիրներ չեն լուծելու և լավագույնս կարող են խաղասիրական տրամադրություններ ձևավորելուն նպաստելու փորձեր իրականացնել, և թե կանեն դա իրենց աղոթքներում, սեր կքարոզեն թե ոչ, դա արդեն ապագան ցույց կտա»,-ասաց նա:
Թևան Պողոսյանն ասաց, որ տեքստերից հասկանալի է դառնում, որ ոչ միայն ռազմագերիների փոխանակման խնդիրն է դրված, այլ ցանկացած քաղաքացու, ինչը ցույց է տալիս, որ հոգևոր առաջնորդների համար իրենց հոտի ցանկացած անդամ հավասարազոր է և կարգավիճակներով չեն քննարկվում:
«Հասկանալի է, որ ցանկացած գործողություն լինելու է քաղաքական մակարդակի պայմանավորվածության վրա, սակայն գլխավոր խնդիրը ներքին հարցերին անդրադառնալն է` վերադարձից հետո»,-ասաց նա և նշեց, որ հանդիպումը նախաձեռնել է ռուսական կողմը:
Նա ուշադրությունը հրավիրեց, որ Ալիևն ասել է, որ հայկական կողմը ոչնչացրել է իրենց հուշարձանները և հայերը չեն կարող լինել մուսուլմանների բարեկամ, ինչը նշանակում է, որ նա ընդլայնում է մոտեցումը և հարցը միայն ադրբեջանցիներին չի վերաբերում: Ըստ նրա՝ դրանով Ադրբեջանը նաև աշխարհին մեսիջ է ուղարկում:
«Իրականում Ադրբեջանի հոգևոր առաջնորդը փորձում էր քաղաքական դաշտին համահունչ արձագանքել, ինչից հասկանալի էր, որ այս հանդիպումը հերթական հանդիումն է, քանի որ դրանից հետո մենք չեն տեսնում իրական գործողություններ և թե մոտակա ժամանակները կլինի, թե ոչ, չեմ կարող ասել, բայց մեծ հույսեր չունեմ: Պարզապես պետք է գիտակցել, որ նման հանդիպումներին կան հարցեր, որոնք կարող ենք բարձրացնել օրինակ մեր հուշարձանների պահպանության հարցը»,-ասաց նա և կարևորեց, որ պետք է նշել, որ երբևէ մուսուլմանական շինություն չի քանդվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում:
«Այս առիթները պետք է օգտագործենք որ աշխարհում չընլակվի որ Արցախյան հարցը ունի հոգևոր կոմպոնենտ»,-ասաց նա:










