Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը վիրավորել է ՆԱՏՕ-ի մի քանի զինվորականի
ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության մի քանի զինվորական, ինչպես նաև խաղաղ բնակիչներ վնասվածքներ են ստացել մահապարտ ահաբեկչի՝ առաքելության ավտոշարասյան վրա հարձակվելու հետևանքով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Վիրավոր ռազմայինները տեղափոխվել են Բագրամ ավիաբազայի հիվանդանոց՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար», - ասվում է առաքելության հայտարարությունում:
Նշվում է, որ նրանց վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում: Խաղաղ բնակիչները հոսպիտալացվել են, այժմ նրանց վիճակի մասին տեղեկություններ չկան:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել կենտրոնական Աֆղանստանի Պարվան պրովինցիայում: Մահապարտ ահաբեկիչն ակտիվացրել է ինքնաշեն պայթուցիկ սարքը:










