Ստեղծվելիք ճարտարապետների պալատն առևտրայի՞ն, թե հասարակական կազմակերպություն. քննարկում ԱԺ-ում (ուղիղ)

10:59 • 12.09.17

 

Կառավարությունն առաջարկում է Ճարտարապետների միության հենքի վրա ստեղծել Ճարտարապետության պալատ: Ազգային ժողովում հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Վահան Հարությունյանը:

Վերջինս նշեց, որ ճարտարապետական գործունեության մասին օրենքը կոչված է կարգավորել ոլորտում առկա խնդիրները: Հարությունյանը խոսեց պատգամավորների մտահոգությունների մասին, թե օրենքի փոփոխությամբ ամրագրում ենք ճարտարապետական պալատի միակը լինելու հանգամանքը: «Հարցը եղել է օրենքի նախագծի նախնական տարբերակում, բայց հանվել է: Լրամշակված տարբերակում այս դրույթը բացակայում է»,- ասաց նա:

Հարությունյանի խոսքով՝ օրենքի փոփոխությամբ կառավարության լիազոր մարմնի պարտականությունները փոխանցվում են հասարակական կազմակերպությանը, որն ավելի նախանձախնդիր կլինի ոլորտում առկա հարցերի լուծմանը: «Սա ոչ այլ ինչ է, քան ապակենտրոնացման վառ օրինակ:

Արտոնագրման իրավունքը կտրամադրվի ճարտարապետների պալատին: Այն ստեղծված կլինի Ճարտարապետության միության հիմքում»,- ասաց նա: Վահան Հարությունյանը հայտնեց, որ ճարտարապետները կարող են չլինել նաև Ճարտարապետական պալատի անդամներ:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցրեց՝ օրենքով ֆիքսվա՞ծ է, որ ստեղծվելիք պալատը հասարակական կազմակերպություն է, իսկ եթե ոչ, ապա պետաիշխանական լիազորությամբ օժտո՞ւմ է այդ օրենքը ճարտարապետական պալատին:

Վահան Հարությունյանը պատասխանեց, որ օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասով սահմանված է, որ պալատը լինելու է ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպություն, բայց եթե կա անհրաժեշտություն, ապա կարելի է ավելացնել նաև, որ այն ՀԿ է: Հարությունյանի խոսքով՝ նույն հիմքով է գործում, օրինակ, նաև Փաստաբանների պալատը, որը ևս տրամադրում է արտոնագրեր:

«Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ 7-րդ կետով էլ պալատին հնարավորություն է տրվում իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, դառնալ առևտրային կազմակերպություն: Հարությունյանը նշեց, որ սահմանափակում կա՝ հասույթները պետք է օգտագործվեն միայն պալատի կարիքների համար: