Սաուդյան Արաբիայում կանխել են երկրի ՊՆ շենքի վրա ԻՊ-ի գրոհայինների հարձակումը. SPA

09:49 • 12.09.17

Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերը կանխել են Էր Ռիադում երկրի պաշտպանության նախարարության շենքի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հարձակումը: Այդ մասին պետական SPA լրատվական գործակալությանը հայտնել է պաշտոնական աղբյուրը, հաղորդում է Reuters գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ երկրի պետական անվտանգության վարչությունը կանխել է մահապարտ գրոհայինների ահաբեկչական հարձակումը նախարարության երկու շենքերի վրա: Երկու ահաբեկիչները ձերբակալվել են մինչ իրենց նպատակին հասնելը:


Նախնական տվյալներով՝ ահաբեկիչները Եմենի քաղաքացիներ են: Նրանցից առգրավվել է մահապարտի երկու գոտի, ինը ինքնաշեն ռումբ, հրազենային և ոչ հրազենային զենք: Ինչպես նշում է գործակալությունը, անվտանգության ուժերի աշխատակիցները նաև ձերբակալել են Սաուդյան Արաբիայի երկու քաղաքացու, նրանց կապը ձերբակալվածների հետ պարզվում է:


Աղբյուրի տեղեկություններով՝ անվտանգության ուժերը նաև կարողացել են չեզոքացնել մարդկանց խումբ, որն աշխատել է «օտար երկրների օգտին՝ թագավորության անվտանգության դեմ»: