Բալիում հազարավոր մարդիկ տարհանվել են հրաբխի ակտիվության պատճառով
Ինդոնեզիայի Բալի կղզում Ագունգ հրաբխի ակտիվության պատճառով տարհանվել են հազարավոր մարդիկ: Այս մասին հայտնում է Antara ազգային տեղեկատվական գործակալությունը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ հրաբխի բարձր ակտիվությունն արձանագրվել է օգոստոսի կեսին, այնուհետև այն նվազել է: Ավելի ուշ հրաբուխը կրկին ակտիվացել է:
«Չորեքշաբթի երեկոյան տարհանվել են հազարավոր մարդիկ», - մեջբերում է գործակալությունն Ինդոնեզիայի աղետների հետևանքների վերացման ազգային վարչության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոյի խոսքը:
Նա նաև նշել է, որ մարդիկ ինքնակամ համաձայնվել են տարհանվել և տեղափոխվել առավել անվտանգ վայրեր:
Բալիի նահանգապետ Մադե Մանկու Պաստիկայի հաղորդմամբ՝ հրաբխի ժայթքման դեպքում իշխանությունները պատրաստ են ցանկացած հնարավոր հետևանքի:
«Մենք կարող ենք հայտնել Բալիի և ամբողջ աշխարհի բնակիչներին, որ պատրաստ ենք ամենավատին՝ չնայած հույս ունենք, որ դա տեղի չի ունենա», - ասել է նա:










