5.2 մետր. Քուինսլենդում սպանվել է վերջին 30 տարվա ընթացքում ամենամեծ կոկորդիլոսը

13:53 • 22.09.17

Ավստրալական Քուինսլենդ նահանգում սպանվել է վերջին 30 տարվա ընթացքում ամենամեծ կոկորդիլոսը՝ 5.2մ երկարությամբ, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ երկկենցաղն արու էր ու աղի ջրերի բնակիչ:

Բնապահպանների համաձայն՝ այն Քուինսլենդում երբևէ նկատված ամենամեծ կոկորդիլոսներից էր, որին, փամփուշտը գլխում, հայտնաբերել են Ֆիցրոյ գետում: Այն, ենթադրաբար, սպանված մնացել է մի քանի օր:

Բնապահպանները մտավախություն ունեն առ այն, որ ահռելի գիշատչի սպանվելուց հետո մյուս արու կոկորդիլոսները կարող են անհամեմատ ավելի ագրեսիվ դառնալ՝ տարածքում գերիշխող դիրք զբաղեցնելու համար:

Հայտնի է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե ով է սպանել, ենթադրաբար, 80-100 տարեկան երկկենցաղին:

Պարբերականը հավելում է, որ երբևէ աշխարհում բռնված ամենամեծ կոկորդիլոսը՝ Լոլոնգը, ունեցել է 6.16 մ երկարություն: Ֆիլիպիններում բռնված երկկենցաղը սատկել է 2013թ.: