Լոռու մարզում 14-ամյա պատանին ընկել է տրակտորի տակ և մահացել

10:26 • 22.09.17

 

Լոռու մարզում 14-ամյա պատանին ընկել է տրակտորի տակ և մահացել։ Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2003 թ. ծնված Վ.Ս.-ն:


«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, Ուռուտ գյուղի ֆուտբոլի դաշտի մոտ տրակտորի անիվը ընկել է փոսը, ինչի հետևանքով տրակտորի խցիկի աստիճաններին կանգնած երիտասարդն ընկել է տրակտորի հետևի անիվի տակ և տեղում մահացել»,-ասաց Ջանոյանը։


Նա հայտնեց, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն,կատարվում է քննություն։

 

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, մահացածը սովորում էր Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի 1-ին կուրսում, իսկ տրակտորը վարած Ս. Վարդանյանը՝ Ստեփանավանի թիվ 2 դպրոցի 9-րդ դասարանում։

«Ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի Ուռուտ գյուղից։  Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում 14-ամյա Սամվել Վարդանյանը, վարելով իր պապուն՝ 58-ամյա Սայադ Սարգսյանին պատկանող «T-40» մակնիշի առանց համարանիշի տրակտորը, Ուռուտ գյուղի ֆուտբոլի դաշտի մոտ տրակտորի անիվն ընկել է փոսը, ինչի հետևանքով տրակտորի խցիկի աստիճաններին կանգնած Ուռուտ գյուղի բնակիչ՝ 14-ամյա Վահագն Սարգսյանը ընկել է տրակտորի հետևի անիվի տակ և տեղում մահացել»,- հայտնել էր կայքը։