ԱՄՆ-ն երկիր այցելության 180-օրյա արգելք է սահմանել ԿԺԴՀ այցելած ինքնաթիռների ու նավերի համար
ԱՄՆ վարչակազմը երկիր այցելության 180-օրյա արգելք է սահմանել ինքնաթիռների և նավերի համար, որոնք նախկինում եղել են ԿԺԴՀ-ում: Այդ մասին ասված է հինգշաբթի Սպիտակ տան տարածած հայտարարությունում, որում ներկայացվում են Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի պարզաբանումները:
Արգելքը վերաբերում է նաև 180 օրվա ընթացքում ԿԺԴՀ այցելած մի նավից մեկ այլ նավ բեռի փոխադրմանը:
Սպիտակ տունը կարծում է, որ սադրիչ, ապակայունացնող և ռեպրեսիվ գործողությունները և Հյուսիսային Կորեայի կառավարության քաղաքական կուրսը մշտական վտանգ են ներկայացնում ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը, Միացյալ Նահանգների տնտեսությանը:
Փաստաթղթում ընդգծվում է, որ Վաշինգտոնը պայքարելու է ԿԺԴՀ եկամտի աղբյուրների դեմ, որոնք Փհենյանն ուղղում է իր միջուկային և հրթիռային ծրագրերի զարգացմանը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները սեպտեմբերի 3-ին պաշտոնապես հայտարարել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար նախատեսված ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկման մասին: Հզոր միջուկային փորձարկման հրամանը տվել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Հարավային Կորեայի պաշտպանական կոմիտեի փոխանցմամբ՝ պայթյունի ուժգնությունը եղել է 100 կիլոտոննա, ինչը բավական է մի ամբողջ քաղաք վերացնելու համար:
Վերջին մի քանի ամսվա ընթացքում Կորեական թերակղզու շուրջ ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել: Արևմուտքը Փհենյանից պահանջում է վերջ տալ միջուկային փորձարկումներին ու դադարեցնել միջուկային ծրագրի զարգացումը՝ սպառնալով հակառակ դեպքում ռազմական միջամտության դիմել: Մինչդեռ պաշտոնական Փհենյանն անտեսում է կոչերն ու իր հերթին սպառնում միջուկային զենքով ջախջախիչ հարված հասցնել ԱՄՆ-ին:










