ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կիսում են Սիրիան, նավթը բաժին է հասնում քրդերին. թուրքական պարբերականի անդրադարձը

16:15 • 22.09.17

Թուրքական «Քարար» պարբերականն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին և «ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կիսում են Սիրիան, նավթը բաժին է հասնում քրդերին» վերնագրով նոր հոդվածում փորձել կանխորոշել Դեր Զորի ազատագրումից հետո սպասվող իրադարձությունները: 

Հաշվի առնելով, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակայության տակ գտնվող տարածքներն օր օրի նվազում են, տարբեր փորձագետներ փորձում են հասկանալ, թե ինչպես երկրի բաժանումն իրար մեջ կիրականացնեն մեծ տերությունները:

Պարբերականը շեշտում է, որ այժմ արդեն կարևոր ու առանցքային նշանակություն ունի հենց Դեր Զորի ազատագրումը, որն ԻՊ-ի վերջին խոշոր հենակետն է Սիրիայում և այստեղ պայքարող շատ ուժերի՝ Սիրիայում ապագայի կանխորոշիչը:

«Իմ կարծիքով՝ Եփրատի արևելքը բաժին կհասնի ԱՄՆ-ին, արևմուտքը՝ Ռուսաստանին»,- թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ, լրագրող Էլայջա Մանիեն։

Ըստ նրա՝ եթե  ընդդիմադիր «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը, որն անմիջական կապ ունի Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG)  հետ, կարողանա շարժվել դեպի արևելք՝ քրդերը կտիրանան Սիրիայի կարևոր նավթային շրջաններին։

Պարբերականը նշում է, որ Դեր Զորը կարևոր նշանակություն ունի թե՛ Ռուսաստան- Իրան-Սիրիա եռյակի, թե՛ ԱՄՆ-ի համար: Սիրիայի հյուսիսում հենց այստեղից ԱՄՆ-ն պատրաստվում է դաշնային Սիրիայի ստեղծմանը՝ քրդական ուժերի միջոցով: Քրդական այս խմբավորումների համար Դեր Զորն ահռելի նշանակություն ունի ռազմավարական իմաստով:

Իրանը Դեր Զորի ազատագրման հետ կապված ունի շատ լուրջ ու հեռանկարային պլաններ, շարունակում է թուրքական «Քարարը»: Բանն այն է, որ «Հաշդի Շաբի» խմբավորումը, որը հավատարիմ է մնում Իրաքի իշխանություններին և աջակցություն վայելում նաև Իրանի կողմից, ներկա պահին տեղակայված է Դեր Զորից մի փոքր արևելք՝ իրաքյան Մոսուլի տարածքում:

Այդ խմբավորման զինյալները դիրքեր ունեն նաև Իրաքի հարավ-արևմուտքում: Ավելի հյուսիս գտնվում են իրանցի գրոհայինների դիրքերը, որոնք պատրաստվում են միավորվել «Հաշդի Շաբի»-ի հետ: Եթե նրանք միասին հաջողեն հասնել Սիրիայի և Իրաքի սահմանին հյուսիս-արևելքում, ապա Իրանի՝ Միջերկրական ծով դուրս գալու պլաններն իրականություն կդառնան: