Գերմանացի քաղաքական գործիչներին կասկածելի սպիտակ փոշիով նամակներ են ուղարկել (լուսանկար)
Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունների նախաշեմին անհայտ անձինք սպիտակ փոշի պարունակող նամակներ են ուղարկել գերմանացի առաջատար քաղաքական գործիչներին և նրանց ընտանիքներին: Այս մասին հայտնում է Zeit-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սպառնալիքներ ստացած քաղաքական գործիչների թվում են Բավարիա երկրամասի վարչապետ Հորստ Զեեհոֆերը, «Կանաչների» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Կատրին Գերինգ-Էկարդը, «Կանաչների» կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Հանս Քրիստիան Շտրյոբելեն և այլ օրենսդիրներ, այդ թվում՝ Գրեգոր Զիզին և Գեզինե Լետչը:
Նշվում է, որ նամակ է ստացել նաև Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի ամուսին Յոախիմ Զաուերը:
N-TV հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ քաղաքական գործիչները և ոստիկանությունը հաստատել են նման նամակներ ստանալը: Բեռլինի իրավապահների հաղորդմամբ՝ ծրարներում պարունակվող փոշին վտանգ չի ներկայացնում, սակայն այն դեռ մանրակրկիտ ուսումնասիրվում է:
Պատգամավոր Շտրյոբելեն Twitter-ում հրապարակել է իրեն ուղղված նամակի լուսանկարը, որում ածելի է երևում, իսկ նամակի թղթի վրա արաբերենով տեքստ կա: Փորձագետների կարծիքով՝ տեքստը չի վկայում, որ նամակն ուղարկողներն արաբերենի կրողներ են:
«Ո՞վ էր սա: Սպառնացող նամակ ածելիով, սպիտակ փոշիով, արաբերենով տեքստով», - մեկնաբանել է Շտրոյբելեն լուսանկարը:
Նշվում է, որ գործի քննությամբ զբաղվում են պետական մարմինները, որոնք պատասխանատու են քաղաքական ծագում ունեցող հանցագործությունների համար:











