Հայ արիները նշեցին Նախնյաց հիշատակի օրը
Հայ արիական տոնացույցով սեպտեմբերի 23-ը Նախնյաց հիշատակի օրն է։ Արևածագին հայ արիները և նրանց միացած համախմբված հայ ազգայնականները, ինչպես միշտ, նշել են Նախնյաց ավանդական տոնը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արիադավան հայերն ու համախմբված հեթանոս ազգայնականները սրբազան տոնի ծիսական արարողությունը անցկացրել են Արա լեռան գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արևի ճառագայթների ջերմությամբ (խոշորացույցի օգնությամբ):
Կրակը գտնվել է շրջանի մեջ, որում խորհրդապաշտական կապ էր դրված՝ հողե բլրակներով կազմված, դրանք խորհրդանշում են Հայկական լեռնաշխարհի սարերը: Հողերը որպես մասունքներ բերվել են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանից, Արևմտյան Հայաստանի, Արևելյան Հայաստանի, Արցախի, Ջավախքի, Նախիջևանի տարածքներից:
Շրջանաձև բլրակներից առաջ՝ եռանկյունաձև կառուցվածքով պատրաստվել են խորհրդանշական փոքր երեք լճեր, որտեղ ջուր է լցվել՝ բերված Սևանա, Վանա եւ Ուրմիա լճերից:
ՀԱՄ Հոգևոր հանձնախմբի Քրմական դասի քրմերը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ, կառույցի Գերագույն Խորհրդի անդամների հետ ձոներով փառաբանել են հայ նախնյաց:
Արիադավան հայերը հիշել են նաև սեպտեմբերի 2-ի (Արցախի Հանրապետության) և 21-ի (Հայաստանի Հանրապետության) անկախության տոները՝ հանուն այդ անկախության զոհված մարտիկների ոգեկոչման:
Կարևորվել է նաեւ Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովի նշանակությունը և հայության անխախտ ու նպատակային կապը:
Նախնյաց հիշատակի օրը հայ արիների համար տոն է՝ տոնախմբություն, քանզի հիշում ու մեծարում են բոլոր նախնիներին, ուժ ստանում նրանցից: Այդ սրբազան օրը մարդ և հոգի տիեզերակապը Երկրային Հայրենիքից՝ Հայկական Լեռնաշխարհից ձգվում է դեպի Երկնային Հոգե-Ոգեղեն եւ Աստվածային Հայկական Աշխարհները»:










