Զարգանում են այն պետությունները, որոնք ընտրում են ճիշտ կառավարման համակարգ. կայացավ Հ. Թովմասյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը (տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կայացավ ԱԺ պատգամավոր, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը: Այն նվիրված էր ընտրական համակարգերին, ընտրական իրավունքին և Հայաստանի Հանրապետության կառավարման ձևի ընտրությանը:
Պատգամավորի ատենախոսության թեմայի վերաբերյալ առաջին հրապարակումները եղել են 2005 թ.–ին, երբ գործընկերների հետ գրել է այլընտրանքային սահմանադրության նախագիծը: Իհարկե, ատենախոսությունը չի գրվել այդ փուլից սկսած, բայց գաղափարը ծնվել է հենց այդ ժամանակ:
Ըստ Թովմասյանի՝ պրակտիկան ցույց է տալիս, որ զարգացած են ոչ միայն այն երկրները, որոնք ունեն մեծ տարածքներ, բնական պաշարներ, այլ զարգանում են նաև այն երկրները, որոնք ընտրել են ճիշտ կառավարման ձև: Նա օրինակ է բերում նախկինում Արևմտյան և Արևելյան Գերմանիաների և այժմ կորեական երկու պետությունների զարգացվածության տարբերությունը, որը պատգամավորի համոզմամբ, պայմանավորված է կառավարման ձևի ընտրությամբ:
«Կարող է թվալ, որ, կարծես թե, այս պահին թեման արդիական չէ, որովհետև մենք նոր ենք փոխել կառավարման ձևը, բայց սա դեռ սկիզբն է: Միայն սահմանադրական փոփոխությունները բավարար չեն այդ ամբողջին միս ու արյուն տալու համար, տևական ժամանակ է պետք: Հուսով եմ, որ այս աշխատությունը հնարավորություն կտա, թե՛ պրակտիկ քաղաքական գործիչներին, թե՛ իրավաբան -գիտնականներին ճիշտ հասկանալ այն փիլիսոփայությունը, որը դրված է այս սահմանադրության հիմքում»,- ասաց նա:
Հրայր Թովմասյանի աշխատությունում հատկապես մեծ տեղ է հատկացված կիսանախագահական կառավարման ձևի վերլուծությանը: Նրա խոսքով՝ կիսանախագահական կառավարման մոդելն ի սկզբանե ստեղծվել էր, որպեսզի այն վերցնի նախագահական և խորհրդարանական համակարգերի լավագույն կողմերը, բայց դա պրակտիկայում ոչ միայն չի ստացվում, այլ առաջ են գալիս նոր խնդիրներ: Այս առումով, Թովմասյանի ատենախոսությունում նշվում է, որ և՛ Հայաստանը, և՛ Արցախը ճիշտ են վարվել` կիսանախագահական մոդելից հրաժարվելով: Աշխատությունում նաև պարզաբանում է տրված այն հարցին, թե ինչու հայկական երկու պետություններն ընտրեցին լիովին այլ կառավարման համակարգեր:
«Պետք է արձանագրենք, որ Հայաստանն ու Արցախը երկու տարբեր պետություններ են, թեպետ երկուսում էլ ապրում են հայեր: Բայց տարածքը, բնակչությունը, քաղաքական իրավիճակը, խորհրդարանի կայացվածության աստիճանը և այլն` սրանք ստիպում են, որ դու նույն մոդելները, նույն մոտեցումները, ինչը որ կիրառել ես մեկ երկրում, մեխանիկորեն չկիրառես երկրորդում»,- նշեց պատգամավորը:
ՀՀ նախկին դատախազ, ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը համոզված է, որ այս ատենախոսությունը չի մնա միայն թղթի վրա, այլ կդրվի գործածության մեջ. «Այն հանգամանքը, որ մենք փաստացի անցել ենք խորհրդարանական կառավարման ձևին, գործածությունն արդեն անխուսափելիորեն լինելու է»,- ընդգծեց նա:
ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի կարծիքով՝ Հրայր Թովմասյանին հաջողվել է խնդիրը նորովի քննարկման առարկա դարձնել գիտական հարթությունում:
Մանրամասները՝ տեսանյութում:
























