Իրանը նոր բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկում է իրականացրել (տեսանյութ)
Իրանը նոր բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկում է իրականացրել, հայտնում է Press TV-ն։ Հրթիռի արձակման տեսանյութը հրապարակվել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությամբ։ Հրթիռի արձակման վայրի մասին տեղեկություն չի հաղորդվում։
Երեկ հաղորդվել էր, որ Իրանը ներկայացրել է 2.000 կիլոմետր հեռահարությամբ բալիստիկ հրթիռ, որը կարող է մի քանի մարտագլխիկ կրել: Այդ մասին հայտնել էր Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեհին:
Khorramshahr անվանումով հրթիռը ներկայացվել է Թեհրանում ռազմական շքերթի ժամանակ, որին ներկա են եղել Իրանի նախագահ Հասան Ռոհանին և բարձրաստիճան զինվորականներ:
Ելույթ ունենալով միջոցառմանը՝ Ռոհանին հայտարարել էր, որ երկիրը մտադիր է ուժեղացնել իր հրթիռային համալիրի հնարավորությունները: Նրա խոսքով՝ «ոչ մի երկիր» չի խանգարի Թեհրանին զարգացնել իր հրթիռային պոտենցիալը և պաշտպանական ծրագրերը:
«Մենք կզարգացնենք մեր պաշտպանական և ռազմական ուժն այնքան, որքան անհրաժեշտ կհամարենք: Մենք ոչ մեկի թույլտվությունը չենք խնդրում մեր երկիրը պաշտպանելու համար»,- ասել էր Ռոհանին:
Իրանի հրթիռային ծրագիրն ԱՄՆ-ի կտրուկ բացասական արձագանքին է արժանանում:
Այսպես, հուլիսի 18-ին ԱՄՆ վարչակազմը հայտարարել է Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրին, իրանական ռազմական գնումներին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին աջակցող 18 կազմակերպության և անձանց «սև ցուցակում» ներառելու մասին: Ի պատասխան՝ սահմանված պատժամիջոցների առնչությամբ ԱՄՆ-ի դեմ բողոքով Իրանի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ինչպես նաև մեղադրել են Վաշինգտոնին միջուկային գործարքը խախտելու համար:
Իրանի խորհրդարանն ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների քվեարկել է օրենքի նախագծի օգտին, որը նախատեսում է լրացուցիչ 520 միլիոն դոլարի հատկացում բալիստիկ հրթիռների ստեղծման, ինչպես նաև տարածաշրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործունեության ընդլայնման համար:










