Մեքսիկայում վթարի է ենթարկվել երկրաշարժից տուժածներին օգնություն տանող ուղղաթիռը, տուժել են երկու օդաչուները
Մեքսիկայում վթարի է ենթարկվել երկրաշարժից տուժածներին հումանիտար օգնություն հասցնող ուղղաթիռը, որը պատկանել է երկրի գլխավոր դատախազությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ըստ նախնական տվյալների՝ ուղղաթիռը սնունդ էր տեղափոխում աղետի գոտի: Վթարը տեղի է ունեցել Սան Պեդրո Լեապի քաղաքի շրջանում, տուժել են ուղղաթիռում գտնվող երկու օդաչուները:
Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ Պուեբլա նահանգում առևանգվել է երկրաշարժից տուժածների համար ուղարկվելիք երեք տոննա սնունդով բեռնատարը: Սնունդը որպես օգնություն հավաքել էին տեղի ուսանողները:
Նշենք, որ Մեքսիկայում երեքշաբթի տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 293-ի: 7.1 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների հետևանքով հարյուրավոր շենքեր են փլուզվել, միլիոնավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:










