Ռուսաստանում 1 օրում ավելի քան 25.000 մարդ է տարհանվել պայթյունների սպառնալիքի մասին ահազանգերի պատճառով
Ռուսաստանի 4 քաղաքում, այդ թվում՝ մայրաքաղաք Մոսկվայում, ուրբաթ տարհանվել է ավելի քան 25.000 մարդ՝ պայթյունների սպառնալիքի մասին ահազանգերի պատճառով: Շենքերի ականապատված լինելու մասին տեղեկությունը կեղծ է եղել:
Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, ահազանգեր են հնչել՝ կապված երկրի տարածքում գտնվող 87 տարբեր օբյեկտների հետ:
Մոսկվայում մարդիկ են տարհանվել տարածքային վարչությունների 15 շենքերից, նաև մեկ առևտրի կենտրոնից:
Ահազանգեր են հնչել նաև Դաղստանում, տարհանումներ են իրականացվել 10 վարչական շենքից, 6 առևտրային օբյեկտից և 21 ուսումնական հաստատութունից:
Ահաբեկչության մասին կեղծ ահազանգերի ալիքը Ռուսաստանում չի դադարում արդեն երկրորդ շաբաթը: Թեմայի մասին տեղեկացված է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այժմ աշխատանքներ են տարվում մեղավորներին գտնելու և պատժելու համար:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ կեղծ ահազանգեր կատարողները կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ և գտնվում են արտասահմանում: Նրանց նկատմամբ հետախուզում կհայտարարվի:










