Օրենսդրական փոփոխություններով՝ զինապարտն իրավունք ունի ծանոթանալ իր առողջական վիճակի հետազոտման և փորձաքննության ընթացքին. փաստաբան

21:31 • 24.09.17

ՀՀ-ում հավատարմագրված բոլոր բուհերի արական սեռի ուսանողները կարող են ՊՆ-ի հետ կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր, ուսումնառության ընթացքում անցնել զինվորական պատրաստություն, իսկ բուհն ավարտելուց հետո ՀՀ ՊՆ կողմից նշված վայրում և պայմաններում անցնել զինվորական ծառայություն: Այս դրույթները նախատեսված են Հանրապետության նախագահի կողմից հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում քննության առնված «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերով:  Դրանց ընդունումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով:

Նշված փոփոխություններով կարևոր և դրական դրույթ է ներմուծվել, համաձայն որի՝ զինապարտն իրավունք ունի ծանոթանալ իր առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության ընթացքին և ստանալ դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը, ներկայացնել առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով բողոքարկել իր առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացությունը։

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ ասելով. «Բավականին հետաքրքիր նորամուծություն կա պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումների տրամադրման գործընթացում. սահմանվում է, որ տարկետում տրվում է`

 1) առողջական վիճակի պատճառով.

2) ընտանեկան պայմաններից ելնելով»։

 Ինչ վերաբերում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչին առնչվող փոփոխություններին`փաստաբանն ասաց, որ տարկետում կարող է տրվել նաև նպատակային ուսումնառության համար,  իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով սովորող քաղաքացուն` եթե նա ՀՀ ՊՆ հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ ՊՆ կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին։

Փաստաբանի խոսքով, այլ կերպ ասած, ՀՀ–ում հավատարմագրված բոլոր բուհերի արական սեռի ուսանողները, անկախ նրանից`այդ բուհերը ոչ պետական են, թե պետական, կարող են ՊՆ-ի հետ կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր, ուսումնառության ընթացքում անցնել զինվորական պատրաստություն, իսկ բուհն  ավարտելուց հետո ՀՀ ՊՆ կողմից նշված վայրում և պայմաններում անցնել զինվորական ծառայություն:

Հարցին`Կառավարության հավանությանն արժանանալուց և Ազգային ժողովում ընդունվելուց հետո ի՞նչ արդյունք կտան այդ փոփոխությունները,Նորիկյանը դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ այս պահին իսկապես դժվար է գնահատել այս գաղափարի կենսունակությունը: