Թրամփը Twitter-ում արգելափակել է իրեն դիմած քաղցկեղով հիվանդ կնոջը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում արգելափակել է 4-րդ աստիճանի քաղցկեղով տառապող մի կնոջ, որը երկրի ղեկավարին գրել էր դեռևս նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք ընդունված Obamacare առողջապահական ապահովագրության ծրագրի չեղարկման հարցով:
Ինչպես նշում է The Independent-ը, հիվանդը՝ Լոռա Փեքարդը, նախագահի կողմից արգելափակվելուց հետո տեսանյութ է ձայնագրել ու այն համացանցում տարածել:
Կինն ասել է, որ այժմ կարողանում է քիմիաթերապիայի կուրս անցնել ու գոյատևել միայն Obamacare-ի տրամադրած արտոնությունների շնորհիվ: Փեքարդը դիմել է Թրամփին՝ ասելով, որ Obamacare-ի չեղարկման կամ մեկ այլ ծրագրի ներկայացման դեպքում, ինքը կզրկվի բուժվելու հանարվորությունից, քանի որ ապահովագրական ընկերություններն այլևս չեն համագործակցի իր հետ:
«Ես չեմ կարող Ձեզ այս մասին գրել, քանի որ Դուք արգելափակել եք ինձ Twitter-ում, բայց հուսով եմ, որ իմ խնդրանք ՁԵզ կհասնի: Կարևոր է, որ Դուք հասկանաք, որ միլիոնավոր մարդկանց կյանքեր կախված են Ձեր որոշումից: Մենք պաշտպանության կարիք ունենք»,-ասել է հիվանդը:
Հայտնի է, որ ԱՄՆ Սենատը մինչև ամսվա վերջ պետք է որոշում կայացնի Obamacare-ի վերաբերյալ:










