Այդ ո՞ր «գուրուն» պետք է որոշի՝ ԶԼՄ–ի հարցը հանրային հետաքրքրություն ունի՞, թե ոչ. Ն.Զոհրաբյանը հորդորում է «Տեղեկատության ազատության մասին» օրենքի փոփոխությունները չբերել ԱԺ

17:10 • 24.09.17

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում կառավարությանը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունների նախագիծն Ազգային ժողով չբերել: Հակառակ դեպքում, ըստ նրա, նախագծի հետ ԱԺ պետք է բերվի ՀՀ մամուլի խոսնակների պաշտոնները վերացնելու առաջարկ:

Tert.am –ի հետ զրույցում  Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով  նախագծի այն դրույթին, ըստ որի՝ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել «եթե  պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է, և դրա տրամադրումն ակնհայտորեն կհանգեցնի տեղեկություն տնօրինողի ռեսուրսների կամ ժամանակի անհամաչափ կամ անհիմն վատնման», ասաց հետևյալը.

«Ի վերջո, մամուլի խոսնակների ֆունկցիան ոչ թե ֆեյսբուքներում «բնակվելն» է և այնտեղ դրես-կոդի ցուցադրություններ կազմակերպելը՝ հիմնականում անճաշակ և վուլգար, այլ իրենց ուղղակի պարտականությունն է, այո, աշխատել իրենց դիմած լրատվամիջոցին համապարփակ և անաչառ տեղեկատվություն տրամադրելու համար: Հակառակ դեպքում`այս նախագծի հետ միասին կառավարությունը պետք է բերի նաև առաջարկ՝ վերացնելու մամուլի խոսնակի պաշտոնը»:


Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանել էր, որ այս նախագծով՝ Կառավարությունն ուղղակի ուզում է հիմնավորումներ ապահովել իր «կոկորդին կանգնած» լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գրավոր կամ բանավոր հարցումները մերժելու համար: Օրինակ, ըստ այդ նախագծի, տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե «ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն ներկայացնող որևէ տեղեկություն»:

Ի պատասխան հարցադրման`հնարավո՞ր է, որ իրենց համար տհաճ ՀԿ-ների կամ լրատվամիջոցների հարցումներն ու հարցերը շատ սուբյեկտիվ պատճառներով համարվեն հասարակությանը չհետաքրքրող, Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Կցանկանայի իմանալ՝ կառավարության ո՞ր անդամն է կոնկրետ այդ խիստ վտանգավոր նախաձեռնության հեղինակը: Եվ ես կուզենայի իմանալ՝ ո՞վ է կառավարությունում այն անդամը կամ այն ներկայացուցիչը, որն իրեն կարող է վերապահել, ասենք, գուրուի, շամանի կարգավիճակ, և կամ՝  Նոստրադամուսի ու պսիխոանալիտիկի և վերլուծել, թե լրատվամիջոցի ո՞ր հարցն է ներկայացնում հանրային հետաքրքրություն,  որը՝ չի ներկայացնում:  Ասեմ, որ լրատվամիջոցի համար հանրային հետաքրքրություն կարող են  ներկայացնել, օրինակ, կառավարության այս կամ այն պաշտոնյայի  կոռուպցիոն սկանդալները, բայց քանի որ կառավարության սույն անդամի համար դա կարող է լինել օրինաչափություն, նորմա, ապրելակերպ, կենսակերպ, ապա   ինքը կամ իրենք, բնականաբար, կարող են  որոշել, որ դա հանրային հետաքրքրություն չի ներկայացնում»:

Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝  այս նախագիծն ուղղակիորեն վտանգում է լրատվամիջոցների և ԶԼՄ-ների միջոցով հանրության ազատ և անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքը: