Ստալինյան բռնապետության շրջանի արխիվները բաց են, որովհետև բոլոր այդ մարդիկ արդեն մահացած են. Արմեն Մարտիրոսյան
Ստալինյան բռնապետության զոհերի հետ կապված թանգարանի բացումը չի ենթադրում, որ պետությունը ստիպված է լյուստրացիայի ենթարկել բոլշևիկյան շրջանի արխիվը, ոչ էլ պետք է եզրակացնել, թե հնարավոր է հերթը հասնի նաև ավելի ուշ ժամանակների արխիվի լյուստրացիայի. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ իր տեղեկությամբ՝ այսօր Ստալինյան բռնությունների արխիվները բաց են և կարող են ուսումնասիրվել:
Նշենք, որ Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը թեմայի առնչությամբ հայտարարել էր, թե մինչև լյուստրացիա չլինի, չիմանանք ով ով է, ով է ԿԳԲ-ի գաղտնի գործակալը, սրիկան, առաջ չենք գնալու և հայտնվելու ենք նույն շղթայի մեջ:
«Այդ արխիվները բաց են, որովհետև բացառապես վերաբերում են ներպետական ռեպրեսիանների շրջանակին։ Արտաքին որևէ հետախուզական հարցի խնդիր չկա, որը կարող է հիմա խանգարել: Համենայնդեպս ինքս իմ պապի հետ կապված փաստաթղթերով հետաքրքրվել և տեսել եմ, թե ինչում է խնդիրը: Իմ պապը ևս ռեպրեսիայի է ենթարկվել»,-ասաց նա:
Մարտիրոսյանը նշեց, թե, բնականաբար, շատ թղթեր կան, որոնք կարող են բաց լինել, բայց լիարժեք ուսումնասիրված չլինել: «Դրա համար, իհարկե, հավելյալ հետազոտությունների կարիք կա»,-ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ դրանք այսօր բաց են, ի տարբերություն ավելի ուշ շրջանի արխիվների, որովհետև այդ ռեպրեսիանները, որպես կանոն, արտաքին խնդիրներ չեն պարունակել: «Ընդամենը իշխանության պահպանման կամ բաժանման խնդիր էր, ինչպես նաև Ստալինյան հիվանդության խնդիրը, որ իրեն թվում էր, թե միշտ հետապնդում են, դրա համար չեմ կարծում, որ նման խնդիր առաջանա: Ակնհայտորեն բոլոր այդ մարդիկ արդեն մահացած են, և որևէ խնդիր չկա այդ առումով»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է իշխանությունները ժամանակ առ ժամանակ հնչող լյուստրացիայի ենթարկելու պահանջները չեն ընդունում, քանի որ այդ անձանցից շատերը կենդանի են և, հնարավոր է, դեռևս պաշտոնավարում են, Մարտիրոսյանն արձագանքեց, թե ժամանակին, երբ առաջարկում էին «Լյուստրացիայի» մասին օրենք, իրենց պահանջը բոլորովին այլ էր:
«Լյուստրացիայի պահանջի իմաստն այն է, որ եթե մարդը գնում է պաշտոնի, պետք է նրա անցյալը հետաքննվի, ու եթե պաշտոնատար է, բայց նախկինում գործակալ է եղել, դա կարող է ազդել իր գործունեության վրա, որովհետև ինքն, ըստ էության, կոմպրոմատի տակ է, իր նկատմամբ ճնշում կարող են բանեցնել, կամ էլ կարող է իր աշխատանքը շարունակել և պետությանը վնաս տալ: Լյուստրացիան դա է, ոչ թե այն, թե ստալինյան ճնշումների ժամանակ ինչ քայլեր են կատարել»,-ասաց նա:
Իսկ թե ինչու այսօր սա չի կիրառվում, Մարտիրոսյանը պատասխանեց. «Չեն գնում լյուստրացիայի, որովհետև, ամենայն հավանականությամբ, պաշտոնավարում են, դրա համար էլ չեն ուզում բացահայտել»:










