Հանրապետությունում երաշտ է, կաթի արտադրությունը կնվազի, մսի գինը կբարձրանա. Հրաչ Բերբերյան

20:42 • 25.09.17

 

Գյուղատնտեսության ոլորտում այս տարվա մարտ ամսից շարունակվող անկումը խորացել է. 25 տոկոսանոց անկում կա`նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ: Այս պատկերն ամենևին չի զարմացնում «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանին: Ավելին՝ Tert.am-ի հետ զրույցում Բերբերյանը հայտարարեց, որ հանրապետությունում երաշտ է, սակայն Կառավարությունն` ի զարմանս Բերբերյանի, լռում է այս մասին:

«Հանելուկ է, թե ինչու հասարակությանը չեն տեղեկացնում երաշտի մասին: Իգնատի Առաքելյանին պետք է հարցնել, թե ինքը երաշտն ինչպե՞ս է պատկերացնում, ինչո՞ւ չի հայտարարում երաշտի  մասին: Նորմալ երկրներում 21-25 օր, եթե տեղումներ չեն լինում, ապա պետությունը կարող է և երաշտ է հայտարարում: Երբ Վլադիմիր Մովսեսյանը գյուղատնտեսության նախարար էր, հայտարարեց երաշտի մասին, դիմեց միջազգային կազմակերպություններին, և ՀՀ-ն մոտ 100 մլն դոլարի օգնություն ստացավ: Սակայն այն ժամանակվա երաշտն այսպես չէր, քանի որ հիմիկվանը դաժան է, նման բան դեռ չէր եղել»,- ասաց նա:

Հրաչ Բերբերյանը շեշտեց՝ այսօր Գյուղատնտեսության նախարարության ոչ կազմակերպված աշխատանքի արդյունքում անասնակերի խնդիր կա, ինչն անհետևանք չի մնալու: Նա նկատեց, որ խոտի հակը (տուկը) նախորդ տարվա համեմատ 3-4 անգամ թանկացել է: Բերբերյանի գնահատմամբ` սրա հետևանքով խնդիրներ են առաջանալու կաթնամթերքի և  մսամթերքի շուկայում:

«Այսօր երաշտ է, որի մասին չեն խոսում, ես չեմ հասկանում, թե ինչու են կոծկել այս փաստը: Նախարարությունը ֆերմերներին պետք է զգուշացներ, որ այն ժամանակաշրջանում, երբ դեռ խոտի զանգված կար, այդ խոտը հավաքվեր: Տուկի թանկացումը, բնականաբար, ազդելու նաև մսի արժեքի վրա, սա արդեն իսկ ազդել է: Աշնանն անասունների մասսայական անկում կլինի, արդյունքում` գարնանը կունենանք ռեկորդային գներ: Բնականաբար,  գլխաքանակի անկումն ազդելու է նաև կաթնամթերքի վրա, քանի որ կաթի արտադրությունը կնվազի»,- ընդգծեց Հրաչ Բերբերյանը:

«Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի  նախագահը կարծում է, որ պետք է արագ քայլել ձեռնարկել. «Նախարարությունում 200 աշխատող կա, թող նստեն ու մտածեն, պետբյուջեից աշխատավարձ են ստանում: Մենք գիտենք, թե ինչ պետք է արվի, բայց ինչո՞ւ իրենց փոխարեն էլ մենք մտածենք»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը:

ՀեղինակԱնի Օհանյան