Բաղդադը պահանջել է Իրաքյան Քուրդիստանից իրենց վերահսկողությանը հանձնել բոլոր անցակետերն ու օդանավակայանները և դադարեցնել նավթի վաճառքը
Իրաքի իշխանությունները պահանջել են Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունից Բաղդադի վերահսկողությանը հանձնել սահմանային բոլոր անցակետերն ու օդանավակայանների տարածքները, ինչպես նաև դադարեցնել Իրաքյան Քուրդիստանի տարածքից նավթի արտահանումն ու վաճառքը, այս մասին հայտնում է demokrathaber.org կայքը:
Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստան ինքնավար շրջանում այսօր մեկնարկել է անկախության հարցով հանրաքվեն: Բաղդադում հանրաքվեն անօրինական են անվանել:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու:
Իրաքի իշխանությունները նաև կոչ են հղել հարևան երկրներին և պահանջել սահմանային ու նավթի վաճառքի հետ կապված բոլոր պայմանավորվածությունների համար դիմել միայն Բաղդադին:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանն առաջարկել էին հետաձգել հանրաքվեն: Նա, սակայն, հայտարարել էր, որ հանրաքվեն կկայանա նշանակված ժամկետներում, եթե նրան չառաջարեն այլընտրանք: Բարզանին սեպտեմբերի 14-ին հայտնել է, որ ստացել է նման այլընտրանք Արևմուտքի մի շարք երկրներից, բայց հանրաքվեի անցկացման հարցերով բարձրագույն հանձնաժողովն ավելի ուշ մերժել է առաջարկը:










