«Խելքը թռցրած ծերուկ». Կիմ Չեն Ընի՝ Թրամփին ուղղված վիրավորանքը ստիպել է ամերիկացիներին բառարաններ բացել

15:47 • 25.09.17

Ամերիկացիներին զարմացրել ու քննարկումների առիթ է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ընի արած կտրուկ հայտարարությունը, գրում է lenta.ru-ն: 

Սեղանի շուրջ նստած և ձեռքին թուղթ բռնած Կիմ Չեն Ընը Թրամփին անվանել էր «խելքը թռցրած ծերուկ», ինչը թարգմանվել է որպես «dotard»:

Սոցցանցերի բազմաթիվ ամերիկացի օգտատերեր չարախնդալով խոստովանել են, որ հյուսիսկորեացի առաջնորդի վիրավորանքը ստիպել է շատերին բացել բառարանները, քանի որ մինչ այդ շատերը չէին էլ կասկածում նման բառի գոյության մասին։

Պարզելով բառի բացատրությունը, այն է՝ «խելքը թռցրած, ցնդած», ամերիկացիները սկսել են կատակել թեմայի շուրջ:

Ոմանք նկատել են, որ Կիմ Չեն Ընի տարածած հայտարարության օրիգինալ տարբերակում օգտագործվել է «lunatic old man»-ին մոտ արտահայտություն («խելագար ծերուկ»):


Հիշեցնենք, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել էր խստագույն միջոցներ ձեռնարկել`պատասխանելով երկրի ամբողջական ոչնչացման հնարավորության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը: 

«Ցնդած ամերիկացի ծերուկին մենք կսանձենք կրակով», -հավելել էր Կիմ Չեն Ընը:


Նրա կարծիքով՝ Թրամփն իշխանության գալուց հետո բոլոր երկրների հետ սպառնալիքների և շանտաժի լեզվով է խոսում: «Նա ոչ թե քաղաքական գործիչ է, այլ խուլիգան ու գանգստեր»,- ասել էր նա: 


Ким Чен Ын