Խոսրովի արգելոցի հրդեհի հետևանքով հիմնական կորուստը կապված է գիհու անտառների հետ, գիհուտների անվերականգնելի վնաս կա. Արծվիկ Մինասյան
Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը անդրադառնալով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհին, ասաց,որ դրա հետևանքով կաղնուտների մասով գրեթե կորուստ չունենք: «Մենք ունենք միջանկյալ զեկույցներ, սպասում ենք ամերիկացի գործընկների վերջնական զեկույցներին»,-ասաց նա:
Նա նշեց, որ 2200 հա վառված տարածքի մեջ կաղնու անտառածածկ տարածքը կազմում է 900 հա: Չնայած դրան նախարարը հայտնեց, որ հիմնական կորուստը գիհու ծառատեսակների մասով է: «Գիհուտների անվերականգնելի վնաս կա, 200 հա գիհու անտառ է այրվել: Այրված խոտածածկ տարածքները կազմել են 1100 հա, սրանք կվերականգնվեն աշնանային ու գարնանային անձրևների ժամանակ»,-ասաց նա և նշեց, որ Խոսրովի արգելոցում արգելվում է միջանկյալ միջամտությունը և ամերիկացիներ առաջարկում են գիտական գործողություններ իրականացնել, որը հնարավորություն կտա ավելի արագ աճել գիհուտներին:
Ինչ վերաբերում է կենդանական աշխարհին, ապա նախարարը ասաց, որ խոշոր կենդանիների մասով կորուստ չեն արձանագրել, սակայն մորեխների մասով ունեն անկումներ, իսկ սողունների անկումները՝ փոքր քանակությամբ են:«Մենք խոշոր կենդանիների որոշակի տեղաշարժ ունենք, բայց նկատվում է վերադարձ իրենց բնակատեղիները»,-ասաց նա:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ թեև առաջին հայացքից թվում էր, թե մարդիկ շատ սրտացավ վերաբերմունք ունեն, սակայն երբ հատուկ հաշվեհամար բացվեց, դեպքից մի քանի օր հետո միանգամից բոլորը մոռացան:
Նախարարը նշեց, որ առհասարակ ազգային պարկերում, արգելոցներում հիմնական խնդիրներից մեկը կապի համակարգի թերի վիճակն է և այս ուղղությամբ գործողություններ են իրականցվում:
Անդրադառնալով դիտարկմանը, թե հրդեհները կարող են հանքարդյունաբերության հետևանք լինել, նախարարն ասաց, որ այն ազգային պարկերը գտնվում են Բնապահպանության նախարարության ենթակայությամբ և բացառեց, որ կարող են այդ պատճառով լինել: «Մենք մտադրություն ունենք ընդլայնել Խոսրովի արգելոցի տարածքները»,-ասաց նա:










