Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան դպրոցում անժամկետ դասադուլ է. աշակերտները տանն են, 44 ուսուցիչներն՝ ուսուցչանոցում, ծնողները՝ դպրոցի բակում
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մակավարժներն այսօր անժամկետ դասադուլ են սկսել: Պատճառը դպրոցի շենքային անմխիթար պայմաններ են։
Այժմ աշակերտները տանն են, ուսուցիչներն՝ ուսուցչանոցում, նրանց ծնողները դպրոցի բակում՝ այսկերպ բողոքելով իրենց երեխաների կրթության իրավունքի խախտման դեմ:
Որոշումը կայացվել էր երեկ՝ դպրոցի ծնողական խորհրդի նախագահների նիստում՝ միաձայն որոշմամբ:
Սա հետևել էր Արագածոտնի մարզպետարանի կրթության վարչության պետի բանավոր խոստումներին, որ 10 օրվա ընթացքում հարցին ժամանակավոր կագավորումներ կտրվեն:
Ինչպես Tert.am –ի հետ զրույցում հայտնեց դպրոցի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Տաթևիկ Սարգսյանը, իրենք սպասել են 12 օր, բայց բանավոր խոստումներից բացի ոչինչ չի եղել։ «Մենք՝ ուսուցիչներս, այս քայլին գնացել ենք հարկադրված, քանի որ երեկ միաձայն որոշում կայացվեց, որ երեխաներին դպրոց չեն ուղարկի, մինչև, որ կլինի տեղաշարժ»,–ասաց նա:
Դպրոցի ուսուցչակազմն ու ծնողները պահանջում են 200 աշակերտի համար նախատեսված դպրոցի հիմնորոգում: Նշենք, որ այսօր Վարդգես Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում սովորում է 602 աշակերտ, և 44 ուսուցիչ, և ծնողները բողոքում են ոչ միայն իրենց պայմաններից, այլև ուղղակի վախենում են դժբախտ պատահարներից: Ըստ որում` դպրոցը ունի միայն առաջին հերթ.վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով 2-րդ հերթը վերացել է:
Ներկայումս ուսուցիչներն ու աշակերտները 2 հիմնական պահանջ ունեն՝ դպրոցի հիմնանորոգում և տարրական դպրոցի՝ հարևանությամբ գտնվող ավագ դպրոցի ազատ մասնաշենք անհապաղ տեղափոխում:
Հիշեցնենք, որ ամառվա ընթացքում դպրոցի ուսուցչակազմն ու ծնողները հարցը պարբերաբար բարձրացնում էին, և պարբերաբար ստանում նախկին դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հավաստիացումները: Հիմա էլ լսում են ներկա մարզպետի և մարզպետարանի կրթության վարչության պետի բանավոր խոսոտումները:
Դասադուլի մասին տեղեկանալով` այսօր մարզպետարանի կրթության վարչության պետը զանգահարել է ուսուցչանոց և հայտնել, որ այսօր դպրոց կգա Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետը:
Հարցին, թե ինչն է պատճառը, որ դպրոցի հիմնորոգման հարցում սայլը տեղից չի շարժվում, հայոց լեզվի ուսուցչուհին ասաց.« Կարծում եմ՝ անտարբերությունը: Բայց հարցը հռետորական և պատասխանն ինձնից լավ հայտնի է Ձեզ»:










