Առաջին հերթին պետք է հարկվեն այն եկամուտները, որոնց հաշվին կառուցվել են այդ շքեղ առանձնատները. տնտեսագետը՝ թանկարժեք անշարժ գույքի հնարավոր նոր հարկի մասին

21:07 • 26.09.17

Հարկային փոփոխությունները Հայաստանում կրում են լոկալ բնույթ և ավելի շուտ բյուջեում մուտքեր ապահովելուն միտված քայլեր են, քան տնտեսական զարգացմանը նպաստելու երկարաժամկետ քայլեր։  Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Ֆինանսների նախարարի հայտարարությանը, թե  կառավարությունը մտադիր է ավելացնել թանկարժեք անշարժ գույքի դիմաց գանձվող գույքահարկի չափը:

«Դրա օրինակն է այն, որ նախորդ տարեվերջին ընդունվեց Հարկային օրենսգիրքը, որը հաջորդ տարի նոր մտնելու է ուժի մեջ, բայց այս ընթացքում դեռ ուժի մեջ չմտած՝ նախատեսվում է օրենսգրքում կատարել փոփոխություն, որը լրացուցիչ խոչընդոտ ու անվստահություն է առաջացնում տնտեսվարողների մոտ»,-ասաց նա:

Պատասխանելով հարցին`արդյոք սա նույն Շքեղության հարկը չէ, որը ժամանակին առաջարկում էր ընդդիմությունը, իսկ իշխանությունը` մերժում, Մեսրոպ Առաքելյանը հստակեցրեց, թե նախորդը վերբերում էր թանկարժեք մեքենաների ներմուծման պարագայում առաջարկվող շքեղության հարկին, որն այնուհետև նույն իշխանությունների կողմից չեղյալ համարվեց:

«Երևի չեղյալ համարվեց, որովհետև այն առաջին հերթին հենց վերաբերելու էր պետական պաշտոնյաններին և իրենց հետ առնչություն ունեցող օլիգարխներին, քանի որ բնակչության մեծամասնությանը հասու չեն նման մեքենաները և նրանք հարկատու չեն դառնում: Հիմա նույնը նաև այս շքեղության հարկի պարագայում է, ավելի շատ հակված եմ կարծելու, որ այստեղ խնդիրը բյուջեի մուտքերի սղությունն է, քանի որ մենք վերջին տարիներին ականատես ենք լինում բյուջեի մուտքերի կրճատման, տնտեսության պասիվացման, հետևաբար կառավարությունը փորձ է անում գտնել տեղեր, որտեղից կարող է լրացուցիչ գումար գանձել»,-ասաց նա:

Տնտեսագետի խոսքով՝ նման մոտեցումն աշխարհում տարածված է և որոշ չափով նույնիսկ արդարացված: «Այսինքն՝ ավելի թանկարժեք անշարժ գույք ունեցողներն ավելի շատ հարկ վճարեն, իսկ ընդհանրապես կան երկրներ, որ բնակարանային սահմանված շեմից ներքև ընդհանրապես գույքահարկից ազատված են»,-ասաց նա:

Թե ինչ ազդեցություն կունենա բյուջեի մուտքերի վրա թանկարժեք անշարժ գույքի դիմաց գանձվող գույքահարկի չափի ավելացումը` Մեսրոպ Առաքելյանը հստակ դժվարացավ ասել. «Դրույքաչափերի փոփոխությունները ներկայացված չեն, բայց, հաշվի առնելով գույքահարկի  մասնաբաժինը պետական բյուջեի եկամուտներում, չեմ կարծում, որ լուրջ ազդեցություն է ունենալու։ Ավելի շատ հիմք է տալիս մտածելու, որ հերթական քայլն է հասարակության լայն շերտերին հաճոյանալու, թե տեսեք մենք օլիգարխների և պետական պաշտոնյաների շքեղ առանձնատներից ավելի շատ հարկ ենք գանձում, որն անընդհատ քննարկման թեմա է»,-ասաց նա:  

Տնտեսագետը մատնացույց արեց առավել մեծ բյուջեի մուտքեր ապահովող աղբյուրներ: «Շքեղ առանձնատների  սեփականատերերն ունեն ավելի մեծ հարկման բազա, այսինքն՝ առաջին հերթին պետք է հարկվեն հենց այդ եկամուտները, որոնք վաստակել են ու որոնց հաշվին կառուցվել են այդ առանձնատները, ոչ թե այդ եկամուտների հաշին ստեղծված առանձնատները»,-ասաց նա: