Զբոսաշրջիկների խումբը մնացել է Անգլիայի ամենաբարձր լեռան վրա՝ մարիխուանա օգտագործելու պատճառով
Զբոսաշրջիկների խումբը մարիխուանա օգտագործելու պատճառով մնացել է Անգլիայի ամենաբարձր լեռան վրա, ինչից հետո նրանց պահանջվել է փրկարարների օգնությունը: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Կամբրիա կոմսությունում, որի ոստիկանությունը և հայտնել է այս մասին Twitter-ում:
The Independent-ը մանրամասնում է, որ սեպտեմբերի 23-ի երեկոյան 4 ճանապարհորդ բարձրացել է Սքոֆել-Պայկ (978 մետր) և մարիխուանա ծխել: Այնուհետև նրանք հասկացել են, որ չեն կարող ինքնուրույն տեղաշարժվել և ոստիկանություն են զանգել՝ օգնություն խնդրելով:
Արդյունքում զբոսաշրջիկների մոտ են ուղղվել ոչ միայն ոստիկանները, այլ նաև փրկարարները, բուժաշխատողները, կամավորները և ավիացիան: Ավելի քան 3 ժամ անց զբոսաշրջիկները տարհանվել են լեռից:
Կամբրիայի ոստիկանությունում ընդգծել են, որ գործողության մասնակիցները ռիսկի են ենթարկել իրենց կյանքերը: Իրավապահ մարմինների աշխատակիցները քննադատության են ենթարկել զբոսաշրջիկների պահվածքը:










