Արարատի բնակիչը հաղորդում է տվել, որ ոստիկանությունում իրեն ծեծի են ենթարկել և հորդորել են չբողոքել ոստիկանների դեմ. ՀՔԾ

13:42 • 26.09.17

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու  դեպքի առթիվ:

Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

Այսպես, Արարատ քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն հաղորդում է տվել, որ 04.09.2017թ.-ին ոստիկանության աշխատակիցներն իրեն տևական ժամանակով պահել են ոստիկանության Մաշտոցի բաժնում, որտեղ համոզել են խոստովանել գողության դեպքը, որի հետ ինքը առնչություն չի ունեցել: Այնուհետև բաժնի մի քանի աշխատակիցներ ծեծի են ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածք: Ավելին, ըստ Ա. Հ.-ի, բաժնի պաշտոնատար անձն իրեն հորդորել է չբողոքել ոստիկանների դեմ` սպառնալով, որ հակառակ դեպքում խնդիրներ կունենա:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: