Իրաքի իշխանությունները հրաժարվել են քրդերի հետ քննարկել հանրաքվեի արդյունքները

10:21 • 26.09.17

Իրաքի կառավարությունը բանակցություններ չի անցկացնի Իրաքյան Քուրդիստանի հետ սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության մասին հանրաքվեի շուրջ: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Հայդեր ալ Աբադիին:


«Մենք պատրաստ չենք քննարկել կամ հանրաքվեի արդյունքների մասին երկխոսություն անցկացնել, որովհետև դա հակասահմանադրական է»,- ասել է ալ Աբադին:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նախնական տվյալներով՝ հանրաքվեին մասնակցել է ընտրողների ցուցակում ընդգրկված 5,2 միլիոն քրդերի մոտ 80 տոկոսը:


Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը:


Մասուդ Բարզանիի գլխավորած Քուրդիստանի շրջանային կառավարությունը հայտարարել է, որ հանրաքվեն պարտավորեցնող չէ և նախատեսված է ծառայել որպես լեգիտիմ մանդատ Իրաքից շրջանի անջատման հարցում Բաղդադի և հարևան երկրների հետ բանակցություններ վարելու համար:


Իրաքյան Քուրդիստանի ինքնավար շրջանի իշխանություններն Իրաքից անջատվելու մասին հանրաքվե էին նշանակել սեպտեմբերի 25-ին: Բաղդադը հանրաքվեն անվանել է անօրինական, դրա դեմ են հանդես եկել խորհրդարանը և երկրի գերագույն դատարանը: Վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ Իրաքի իշխանությունները պատրաստ են քայլերի երկրի ամբողջականության պահպանման համար, մասնավորապես՝ ռազմական միջամտության, եթե հանրաքվեն բերի բռնության:


Հանրաքվեի դեմ հայտարարություններով են հանդես եկել շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Արաբական պետությունների լիգան և Իրաքի հարևանները՝ Թուրքիան ու Իրանը, որոնք սեփական քրդական համայնքներն ունեն: Իրանը Բաղդադի խնդրանքով փակել է օդային հաղորդակցությունն Իրաքյան Քուրդիստանի հետ և սահմանին զորավարժություններ է անցկացրել: