Գերմանիայի խորհրդարան կմտնի 14 թուրք պատգամավոր, նրանցից 10-ը՝ կանայք

10:58 • 26.09.17

Գերմանիայում սեպտեմբերի 24-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո երկրի խորհրդարանում տեղ կգտնի 14 թուրք պատգամավոր, նրանցից 10-ը՝ կանայք, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեյթ» պարբերականը:

Գերմանիայի «Կանաչների» կուսակցության թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրը նախօրեին հայտնել է, որ իշխանությունների հետ կոալիցիայի մեջ մտնելու համար իրենց միակ նախապայմանը Փարիզի կլիմայական համաձայնագրի պայմանների ի կատար ածումն է:

Ինչպես հայտնել է Tert.am -ը՝ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներ ունեցող համանախագահ Ջեմ Օզդեմիրը կարող է դառնալ Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միության նոր կոալիցիոն գործընկերը:

Ինչպես հայտարարել է Գերմանիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ բոլոր 299 ընտրական շրջանների ձայների հաշվարկից հետո, Մերկելի գլխավորած դաշինքը հաղթանակ է տարել Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում: Ընդհանուր առմամբ, Բունդեսթագ է անցել վեց կուսակցություն:

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքը ստացել է ձայների 33 տոկոսը, երկրորդ տեղում է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 20,5 տոկոս ձայնով, առաջին անգամ խորհրդարան է անցել «Այլընտրանք Գերմանիայի համար» ազգայնական կուսակցությունը՝ 12,6 տոկոս ձայնով:

Հինգ տոկոսի սահմանն են հաղթահարել նաև Ազատ դեմոկրատական կուսակցությունը, «Ձախերը» և «Կանաչները»:

Հայտնի է նաև, որ ընդլայնվել է Բունդեսթագի նոր կազմի տեղերի քանակը, այն ունենալու է 709 տեղ: