Իրաքյան Քուրդիստանի անկախանալու ձգտումն այդքան էլ անմեղ նախաձեռնություն չէ. «Հեզբոլլահ»-ը կոչ է հղել Իրաքի քրդերին

17:55 • 26.09.17

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման խորհրդարանական խմբակցության նախագահ Մուհամադ Ռադը կոչ է արել Իրաքի քրդերին հետ կանգնել անկախության մտքից՝ դաս քաղելով տարածաշրջանի մյուս ժողովուրդների վերապրածներից, այս մասին գրում է թուրքական «Յենի Աքըթ» պարբերականը:

«Իրաքյան Քուրդիստանի անկախանալու ձգտումն այդքան էլ անմեղ նախաձեռնություն չէ: Խելամիտ քրդերը պետք է դաս քաղեն այս ամենից և որքան հնարավոր է շուտ հետ կանգնեն նման սխալից», - հայտարարել է Ռադը Բեքաայում կազմակերպված միջոցառման ժամանակ:

Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր Իրաքյան Քուրդիստանին՝ հայտարարելով, որ մի գիշեր կարող են անսպասելի խուժել երկրի տարածք:

Պաշտոնական Բաղդադը նույնպես չի ճանաչում իրաքցի քրդերի հանրաքվեի արդյունքները:

Հանրաքվեին դեմ են արտահայտվել նաև Իրանը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Սիրիան, Ֆրանսիան, Գերմանիան և մի շարք միջազգային կառույցներ: