Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը գլխացավանքի մեջ կգցի բոլորին. ՌԴ ԱԳՆ

16:46 • 26.09.17

Իրանի միջուկային ծրագրի հարցով գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալը գլխացավանքի մեջ կգցի բոլորին: Այդ մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի սպառազինությունների չտարածման և վերահսկման հարցերով բաժնի ղեկավար Միխայիլ Ուլյանովը, հայտնում է ТАСС-ը:

«Եթե ամերիկացիներին ինչ-որ բան դուր չի գալիս այդ համաձայնագրում, դա առիթ չէ այն տապալելու համար: Եթե ԱՄՆ-ն գնա այդ ճանապարհով, մեզ բոլորիս մեծ գլխացավանքի մեջ կգցի»,- ասել է դիվանագետը:


Նրա խոսքով՝ դա «շատ վատ օրինակ կլինի ԿԺԴՀ-ի համար»:


«Այն ցույց կտա Փհենյանին, որ պայմանավորվելու փորձերը հեշտությամբ կարող են տապալվել պայմանավորվածությունների առանցքային մասնակիցների կողմից՝ առանց որևէ առիթի»,- նշել է Ուլյանովը:


Նա հայտարարել է նաև, որ համաձայնագրում փոփոխություններ մտցնելու փորձերը կբերեն նրան, որ ամեն ինչ կտապալվի, քանի որ համաձայնագրի մյուս կողմերը նույնպես կսկսեն իրենց փոփոխությունների առաջարկները հայտնել:


«Ամեն ինչ շատ հեշտ կարող է փլվել, իսկ փոխարենն ինչ-որ բան առաջարկել փաստացիորեն հնարավոր չէ: Դա կտրուկ կսրի իրավիճակը տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- ընդգծել է Ուլյանովը:


Նրա խոսքով՝ ՌԴ-ի համար «իրադարձությունների այդ զարգացումն ընդունելի չէ»: