Իրաքը զորք կմտցնի Քիրկուկ և Իրաքյան Քուրդիստանի այլ վիճելի շրջաններ

10:31 • 26.09.17

Իրաքի խորհրդարանն ընդունել է Քիրկուկ և Իրաքյան Քուրդիստանի այլ վիճելի շրջաններ զորք մտցնելու մասին որոշումը, հայտնում է demokrathaber.org կայքը:

Խորհրդարանի ղեկավարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ սույն որոշումը կայացվել է «Քիրկուկում և այլ վիճելի տարածքներում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով»:

Բաղդադը նաև որոշել է պաշտոնազուրկ անել այն քուրդ պետական պաշտոնյաներին, որոնք մասնակցել են Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին:

Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: