Սեուլը համարում է, որ Հս. Կորեայի հարցում դիվանագիտությունը դեռևս տեղ ունի

12:05 • 26.09.17

Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կան Գեն Հվան, անդրադառնալով Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված նախապատերազմական իրավիճակին, ասել է, որ այդ երկրի դեմ դիվանագիտական քայլերի հավանականությունը դեռևս պահպանվում է, գրում է ria.ru-ն:

«Մեր ամերիկացի գործընկերների հետ համակարծիք ենք, որ դիվանագիտության համար տեղ դեռևս կա: Դատելով Հյուսիային Կորեայի արած հայտարարություններից՝ նրանք դեռևս միջուկային տերություն չեն դարձել: Բայց ժամանակը գնում է, ու նրանք արագ են առաջ շարժվում»,-ասել է Կան Գեն Հվան Վաշինգտոնի միջազգային ու ռազմավարական հետազոտությունների կենտրոնում:

Պաշտոնյայի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է ապահովի ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Հյուսիսային Կորեայի դեմ ընդունված պատժամիջոցների իրագործումը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հյուսիսային Կորայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռի Յոն Հոն սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում (ԳՎ) հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընին «մարդ-հրթիռ» անվանելուց հետո, ԱՄՆ-ի հրթիռակոծումն «անխուսափելի է»: «Այժմ մեզ մի քանի քայլ է մնացել միջուկային պետություն դառնալու համար»,-շարունակել է Ռին՝ ընդգծելով, որ իրենք պատրաստ են ամեն գնով պաշտպանվել Միացյալ Նահանգներից: Դիվանագետի պնդմամբ՝ Փհենյանի վերջնական նպատակն ԱՄՆ-ի հետ ռազմական ուժի հավասարակշռումն է:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ԳՎ-ում ունեցած անդրանիկ ելույթի ժամանակ Թրամփը կիմ Չեն Ընին «մարդ-հրթիռ» էր անվանել ու սպառնացել անհրաժեշտության դեպքում «ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիային Կորեան»: