«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագիծ ԱՆ-ն պաշտոնապես քննարկման չի ներկայացրել, քննարկվել է սևագիր տարբերակներից մեկը. Ս. Քրմոյան

17:10 • 26.09.17

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագիծ Արդարադատության նախարարությունը պաշտոնապես քննարկման չի ներկայացրել, համենայնդեպս, այն դրույթները, որոնք որ քննարկվում են, կարծում եմ, օրենքի կամ համապատասխան դրույթների սևագիր տարբերակներից մեկն է, դա անթույլատրելի է: Այսպիսի հայտարարություն է արել արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ղեկավարները քննադատել և անհեթեթություն էին համարել կառավարության մշակած «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Ըստ նախատեսված փոփոխությունների՝ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե «ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն ներկայացնող որևէ տեղեկություն»: Մեկ այլ դրույթով՝ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել «եթե պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է, և դրա տրամադրումն ակնհայտորեն կհանգեցնի տեղեկություն տնօրինողի ռեսուրսների կամ ժամանակի անհամաչափ կամ անհիմն վատնման»: Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները կարող են հարցմանը չպատասխանել նաև այն դեպքում, եթե 50-ից քիչ աշխատակից ունեն:  

«Մենք տեղյակ չենք, թե ինչ նախագիծ է քննարկվել, աշխատանքային որ տարբերակն է քննարկվել, քանի որ աշխատանքներն ընթացքի մեջ են, մենք ունենք մի քանի կարգավորում, որոնք դեռևս ընտրված և քննարկված չեն թե՛ ներսում, թե՛ համապատասխան քաղհասարակության հետ»,-տեղեկացրել է փոխնախարարը:  

Նա նշել է, որ երբ իրենք ստացել են քննարկմանը մասնակցելու հրավեր, առաջարկել են այն կազմակերպել 2-3 շաբաթ անց, երբ ԱՆ-ն կունենա նախագիծ և քաղհասարակությանը, զանգվածային լրատվամիջոցներին ներկայացնելու բան կունենան: Այդ քննարկմանը նախարարությունը հստակ կպաշտպաներ իր դիրքորոշումը, կլսեր քաղհասարակությանը:

«Երբ մեր հորդորներին հակառակ այդ քննարկումը կայացել է, մեզ չի ներկայացվել այն նախագծի տարբերակը, որը քննարկվել է: Ես հստակ, միանշանակ ուզում եմ ասել, որ դա Արդարադատության նախարարության պաշտոնական տարբերակը չէ»,-ասաց նա։

Սուրեն Քրմոյանի խոսքով՝ պաշտոնական տարբերակը ներկայացված է կայքում, որի վերաբերյալ իրենք ստացել են քաղհասարակության կարծիքները, և քանի որ դրանից հետո տարբեր ակումբներում, տարբեր հարթակներում կայացել է մի քանի քննարկում, իրենք միջազգային փորձագետների միջոցով փորձում են հստակեցնել այդ կարծիքները և աշխատանքային կարգով պրոֆեսիոնալ, իրավականորեն ճիշտ ձևակերպված և միջազգային լավագույն պրակտիկային համահունչ փաստաթուղթ ներկայացնել:

«Մենք ևս մեկ անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունը քաղհասարակության գործընկերներին, զանգվածային լրատվամիջոցներին կազմակերպել քննարկում այն պահից սկսած, երբ որ մենք կունենանք նախագիծ: Մենք հայտարարում ենք՝ տեղեկատվության ազատության ոլորտում ՀՀ քաղաքականությունը չի փոխվել, ավելին՝ մենք փորձում ենք ապահովել տեղեկատվության ազատության իրավունքի իրացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները»,-ասել է արդարադատության փոխնախարարը:

Նա կարծիք է հայտնել, որ այդ նախագիծը կառավարություն կներկայացվի տարեվերջին, միայն բոլոր հ/կ-ների քննարկումից հետո: Առնվազն գործընկեր կազմակերպությունները, լրատվամիջոցները կստանան հստակ պատասխան, թե արդյոք իրենց առաջարկություններն ընդունվել են, թե ոչ և ինչու չեն ընդունվել: Միայն այդ պահից հետո պրոֆեսիոնալ դաշտում պետք է քննարկել նախագիծը: