Կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել Կալիֆորնիայի ավագ դպրոցներում ընդլայնել Ցեղասպանության մասին ուսուցման ծրագիրը
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հայտարարել է, որ ևս 7 գործընկերների հետ նամակով դիմել է Կալիֆորնիա նահանգում սոցիալական հետազոտությունների ու պատմության դասագրքերի խոշորագույն հրատարակիչներին՝ կոչ անելով իրենց դասագրքերում հավելյալ տեղեկություն ներառել Հայոց ցեղասպանության թեմայի մասին:
Asbarez-ը հիշեցնում է, որ 2014թ. Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է օրինագիծ, համաձայն որի՝ Հայոց ցեղասպանության թեման ներառվել է ավագ դպրոցի պատմության դասագրքերում:
Շիֆի ու նրա գործընկերների նամակում դասագրքերի հրատարակիչներին կոչ է արվում նոր հրատարակվելիք դասագրքերում հավելյալ տեղեկություն ներառել Հայոց ցեղասպանության մասին՝ հնարավորություն տալով ուսանողներին պատմական փաստն ուսումնասիրել և՛ որպես առանձին թեմա, և՛ ժամանակակից ցեղասպանությունների, էթնիկ զտումների ու մարդու իրավունքների կանոնավոր խախտումների համատեքստում:










