Շիրակի պետական համալսարանում պատմության ու ռոմանագերմանականի ֆակուլտետների ուսանողները դասադուլ են անում
Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության բաժնի ուսանողներն այսօրվանից անժամկետ դասադուլ են հայտարարել, նրանց միացել են նաև ռոմանագերմանական ֆակուլտետի որոշ ուսանողներ:
Tert.am –ի հետ զրույցում համալսարանի լրատվության պատասխանատու Աննա Մարտիկյանն ասաց` պահանջը հետևյալն է, աշխատանքից չազատել իրենց դասախոս Հովհաննես Խորիկյանին:
«Թեպետ չկա նման որոշում, բայց ըստ շրջանառվող խոսակցությունների՝ դրա համար դասադուլ են անում»,-ասաց Աննա Մարտիկյանը:
Հիշեցնենք, որ այս դասադուլը հետևում է Գագիկ Համբարյանի և նույն բուհի դասախոս Հովհաննես Խորիկյանի՝ բուհի ռեկտոր, ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Սահակ Մինասյանի դեմ արված բացահայտումներին և պնդումներին, որ վերջինս քանդում է կրթական հաստատությունը:
Դասախոսները պահանջում են բուհում ֆինանսական և այլ ստուգումներ կազմակերպել համալսարանում` ռեկտորի և նրա հովանավորների ազդեցությունը ստուգումների արդյունքի վրա բացառելով: Խոստացվել էր նաև « այլ աղաղակող բացահայտումներ անել»:
ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին ուղղված բաց նամակին, հիշեցնենք, հետևել էր լուսանկարներ, որոնք վկայում են, որ բուհի գրադարանի գրքերը՝ շուրջ 15 տոննա, հայտնվել են փողոցում:
Նշենք, որ ինչպես հայտնել էր Գագիկ Համբարյանը, ուսանողների պահանջն է՝ հրավիրել բուհի գիտխորհրդի նոր նիստ և բեկանել երեկվա որոշումը:
Ի պատասխան, մամուլի քարտուղարն ասաց. «Գիտեք, իրենց պահանջները պարբերաբար փոխվում են, և ավելի հստակ քիչ անց կտեղակացնենք»:










