Շաբաթ օրվանից եղբորիցս լուր չունեմ․ Բաքվում բանտարկված Մարատ-Ուելդանովի քույրն անհանգստացած է՝ եղբորը տեղափոխել են այլ գաղութ
Շաբաթ օրվանից եղբորիցս լուր չունեմ. Tert.am-ին այս մասին պատմեց Բաքվում բանտարկված Մարատ Ուելդանով-Գալուստյանի քույրը՝ Մարիաննա Միրզոյանը:
«Սեպտեմբերի 23-ին եղբորս հետ պետք է հեռախոսով զրուցեի: Մեկուսարանում իմ զանգին պատասխանողն ասաց, որ եղբորս ինչ-որ տեղ են տեղափոխել: Հարցրեցի, թե որտեղ են նրան տեղափոխել, նա պատասխանեց, թե այդ տեղեկատվությանը չի տիրապետում, պետք է զանգեմ Բաքվում Ռուսաստանի դեսպանատուն: Ես անմիջապես զանգեցի Ռուսաստանի դեսպանատուն, սակայն այնտեղ էլ ինձ ասացին, որ չգիտեն, թե եղբայրս որտեղ է»,- ասաց նա՝ հավելելով, որ միայն րոպեներ առաջ իրեն ՌԴ դեսպանատնից տեղեկացրին, որ եղբորը տեղափոխել են Բինա 9 գաղութ:
Մարիանա Միրզոյանը նշեց, որ շատ անհանգստացած է: «Ոչինչ եղբորս մասին չգիտեմ, լարված եմ և փշերի վրա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ են պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում էին ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում էին, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:
Մարատ Ուելդանովը Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել էր ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում էր հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, Բաքվում երբեք չէր հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ:
2016թ. ապրիլի 28-ին Բաքվում ավարտվել է Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով քննությունը: Փակ դատավարությունն անցկացվել էր դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ: Ազգությամբ հայ ՌԴ քաղաքացին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:










